Ermenihaber.am-ը գրում է.
Փարիզում հաջորդ շաբաթ մեկնարկող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու հիմնական հավակնորդները կլինեն ազգությամբ հայ Անուշ Թորանիանն ու թուրք Ագնես Էվրենը: Այս մասին գրում է հայկական «Ակոսը»՝ հղում անելով «Euronews»-ին:
Լուսանկարում ձախից առաջինը Ագնես Էվրենն է, երկրորդը՝ Անուշ Թորանիանը:
Նշվում է, որ Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է և նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում: Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, «Սոցիալիստական կուսակցության» անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնի համար:
Նշենք, որ Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը, որը 2017-ի տվյալներով՝ բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը: