Pastinfo.am-ը գրում է․

Քննչական կոմիտեն այսօր պաշտոնապես հաստատեց «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի տան վրա ոստիկանական գրոհը կապված է մարտի 4-ին Էրեբունիում հնչած կրակոցների հետ, որի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երկու անձ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը եւ 37-ամյա Էմիլ Ամիրյանը։

Նկատենք, որ վերջինս նախկինում եղել է Արամ Վարդանյանի միջավայրում՝ այսպես կոչված թիկնազորում, իսկ վերջերս նրան ավելի հաճախակի տեսել են նախկին քրեաօլիգարխիայի համակարգի ներկայացուցիչ , գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի շրջապատում։ Այլ խոսքով՝ 37-ամյա Էմիլ Արամյանը, ինչպես պատմում են Էրեբունու բնակիչները, ճամբարափոխ է եղել, ավելին՝ նրա անունը շրջանառվում է նաեւ Ա.Վարդանյանի՝ մտերիմ ընկերոջ՝ «Սիցիլի» սպանության համատեքսում։ Նշենք, որ վերջինս սպանվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, թե պարզել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ու հանձնարարել են ոստիկանությանը նրան հայտնաբերել ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Անցած 4 ամիսներին ոստիկանությունը այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ հայտնաբերել կասկածյալներին ու մարդասպանները մնացին անպատիժ։ Եւ ինչպես լինում է նման դեպքերում՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ եւ մարտի 4-ին կրակոցներ հնչեցին արդեն Էմիլ Արամյանի ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս կրակոցները խիստ անհանգստացրել են Էմիլի նոր հովանավորներին, այլ ընկալել են որպես նախազգուշացում, որ «Սիցիլի» -ի մերձավորները գիտեն, թե ով է կանգնած նրա սպանության հետեւում։

Ա.Վարդանյանի տան վրա մարտի լույս 5-ի գիշերը կատարված ոստիկանական գրոհից հետո անհանգստությունն այսօր կրկնապատկվել է այն պարզ պատճառով, որ հրապարակված տեսանյութերում երեւում է ոստիկանության անզորությունը՝ իրենց ցինիկ ագրեսիվությամբ հանդերձ. Մանկահասակ երեխան տան մեջ լացում է, իսկ ոստիկանն ատրճանակը ձեռքին մոլորված այս ու այն կողմ է գնում, մյուսներն էլ անարդյունք փորձում են դուռը կոտրել ու այդպես էլ չի հաջողվում։

Թե որքանով կրակոցների, առավել եւս 4 տարի առաջ Էմիլի կողմից կատարված ենթադրյալ կողոպուտի հետ առնչություն ունի ինքը՝ Արամ Վարդանյանը, ցույց կտա քննության ընթացքը, առայժմ հայտնի է միայն փաստաբանների արձագանքը. «Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի»,- հայտարարել են փաստաբանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել