Լեհաստանում, հնամաշ իրերի շուկայում, գերմանական համակենտրոնացման ճամբարում պատրաստված ֆոտոալբոմ են վաճառել, որի շապիկը եղել է մարդկային մաշկից, հաղորդում է Metro պարբերականը:

Կոլեկցիոները, որը ցանկացել է անանուն մնալ, գնել է ֆոտոալբոմը, որում մոտ հարյուր բացիկներ և լուսանկարներ են եղել՝ հիմնականում բնապատկերներ և համայնապատկերներ: Գնորդը ալբոմի շապիկի վրա «դաջվածք և մարդու մազեր» է հայտնաբերել, նաև ալբոմից գարշահոտ է եկել:

Կոլեկցիոները այն հանձնել է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանին՝ որպես «մարդկության դեմ կատարված հանցագործությունների անվերապահ ապացույց»:

Փորձագետները կարծում են, որ ալբոմը պատրաստվել է Գերմանիայի Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարում սպանված բանտարկյալի մաշկից. ճամբարը հայտնի է մասսայական մահապատիժներով և մարդկանց վրա իրականացվող դաժան փորձերով:

Աուշվից-Բիրկենաու թանգարանի հավաքածուների բաժնի վարիչ Էլժբետա Քայզերի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, դատելով կազմից և պատրաստման տեխնոլոգիայից, ալբոմի շապիկի երկու կողմերն էլ պատրաստվել են նույն արտադրամասում:

Թանգարանում հոլոքոստի զոհերի մաշկից պատրաստված մեկ գիրք արդեն կար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել