Pastinfo.am-ը գրում է․

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի կարգավորումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ ։

-Տիկին Սահակյան, սկսենք զրույցը այն շեմից, որը նշված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծում։ 25 միլիոն դրամ, սա ողջամի՞տ շեմ է, որից այն կողմ գույքի ձեռք բերման օրինականությունը օրենքով նախատեսված հիմքերի դեպքում կարող է կասկածի տակ դրվել։

-Շեմի տեսանկյունից հիմնավորումներ պետք է ներկայացվեն, թե օրինակ, ինչու է ընտրվել 25 միլիոնը։ Նախագծի առաջին տարբերակում նշված էր 50 միլիոն դրամը եւ դա էլ հիմնավորում չուներ։ Կարծում եմ, քանի դեռ քաղաքականություն մշակող մարմինը հիմնավորումների, միջազգային փորձի ներկայացմամբ մատնացույց չի անում, թե անթիվ թվերի գոյության պայմաններում ինչո՞ւ է  ընտրվել հենց 25 միլիոնը, կարծում եմ, այն հիմնավորված չենք կարող համարել։ Հայաստանում դեռեւս 2017 թվականին քրեականացվեց ապօրինի հարստանալը։ Ապօրինի հարստանալու համար եւս նախատեսված է շեմ եւ այդ շեմերը որոշակի առումով պետք է համադրելի լինեն։ Դարձյալ, որեւէ  բացատրություն չկա, օրինակ, ինչու ապօրինի հարստանալու դեպքում շեմ է ընտրված 5 միլիոն դրամը, իսկ ապօրինի ծագում ունեցող  գույքի  բռնագանձման պարագայում ՝ 25 միլիոն դրամը։

-Մասնագետները խնդրահարույց են համարում նաեւ ապացուցման բեռի խնդիրը, այն դեպքում, երբ դատախազությունը կասկածի նվազագույն շեմի պարագայում կարող է դատարան մտնել եւ, փաստորեն, վիճարկել այս կամ այն գույքի օրինականությունը։

-Նախ, նշեմ, որ դատախազության հիմնական առաքելությունը պետք է վերաբերվի  քրեաիրավական ոլորտին։ Քրեական արդարադատությունից դուրս  դատախազության ակտիվ ներգրավվածությունը քաղաքացիական դատավարություններին՝ վերականգնելու է սովետական դատախազությունը, որի ժամանակ այն դիտարկվում էր որպես պետության աչքեր եւ հիմնականում բիզնեսին ճնշելու եւ կառավարելու տեսանկյունից օգտագործվում էր հենց դատախազությունը։ Այս սպառնալիքները  հասկանալով  եվրոպական  ստանդարտներ են ձեւավորվել, համաձայն  որոնց, քրեական արդարադատությունից դուրս դատախազությունը պետք է ունենա  սահմանափակ եւ բացառիկ  դեպք։ Բացառիկ դեպքերը նախատեսվում են Սահմանադրության եւ օրենքների մակարդակով, եթե մենք կարդանք ՀՀ Սահմանադրությունը, կտեսնենք, որ  պետական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով բացառիկ դեպքերում, եւ օրենքով նախատեսված  կարգով դատախազությունը կարող է ներգրավվածություն ունենալ։ Առհասարակ, մոտեցումը, որ այլ երկրներում  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  ուսումնասիրություններում կամ հետագայում դատարան դիմելու  հարցում ակտիվ դերակատարում ունի դատախազությունը, պարզապես ընդունված մոտեցում չէ եւ այն երկրները, որոնք ապօրինի  գույքի տեսանկյունից թվարկել են բացառապես պաշտոնական կարգավիճակով կատարված  հանցագործությունները, զգուշավորություն են ցուցաբերել  դատախազությանը պետական շահերի տակ  ուսումնասիրելու եւ հայց հարուցելու իրավունք վերապահելու տեսանկյունից։ Հիմա մենք տեսնում ենք, օրինակ,  հանցագործությունների ցանկ, որը չի սահմանափակվում բացառապես պաշտոնեական դիրքով  կատարված հանցագործություններով եւ ոչ էլ առնչություն ունի կազմակերպված հանցավորության,  ահաբեկչության, փողերի լվացման հետ։ Այսինքն, մեր  օրենքը, ի հակադրություն  միջազգային պրակտիկայի, նախատեսել է հանցագործությունների ավելի լայն ցանկ եւ նշեմ, որ այդ ցանկում ներառել է  արարքներ, որոնք կարող են կատարվել եւ կատարվում են մասնավոր անձանց կողմից ՝ առանց դիրքի չարաշահման։ Օրինակ,  մաքսանենգությունը, հասկանալի է, որ այս արարքի սուբյեկտը մասնավոր անձինք են եւ այն առնչություն չունի պաշտոնատար անձանց հետ։ Ստացվում է, որ, եթե օրինակ, գործ է քննվում այդ հոդվածով, դրա շրջանակներում դատախազությունը թվացյալ պետական շահի ներքո կարող է ուսումնասիրության տակ վերցնել ցանկացած անձի գույք եւ կասկած ունենալով, որ այդ գույքը կարող է ձեռք  բերված լինել ապօրինի կերպով, քրեադատավարական երաշխիքների շրջանցմամբ նվազ ապացուցման բեռով կարողանա հասնել այդ գույքի զրկմանը, այն դեպքում, որ,  եթե այս  ընթացակարգը չլիներ, դատախազությունը եւ մյուս մարմինները թույլատրելի  ապացուցման շեմով չէին կարողանալու հիմնավորել անձի  հանցավոր արարքը, նաեւ գույքի հանցավոր ձեռքբերումը,  եւ պաշտպանված էր լինելու սեփականության իրավունքը։ Այստեղ իմ հետեւությունն այն է, որ  ոչ ամբողջական կարգավորումների եւ չափազանց լայն հանցագործությունների  թվարկման արդյունքում, դատախազությունը, պետական շահերի պաշտպանության պատրվակով ունենալու է իրական հնարավորություն՝ ներխուժել  մասնավոր ոլորտ եւ հասնել ցանկացած  ֆիզիկական  անձի գույքի ունեզրկմանը։ Այս  տեսանկյունից որեւէ բացառություն չի լինելու եւ  նույնիսկ անձը, որը երբեւէ նախկինում պաշտոն չի զբաղեցրել, կարող է շատ հանգիստ  դառնալ ուսումնասիրության առարկա եւ  իր հետ կապված որեւէ հանցավոր արարք չի հիմնավորվի, բայց այդ ուսումնասիրության կարգով, քաղաքացիական դատավարությունը օգտագործելով,  իրեն կարող են ունեզրկել։

-Սա արդյո՞ք ռիսկեր չի առաջացնում, ասենք,  ինչ-ինչ նպատակներից ելնելով, նախատեսվող գործիքը չարաշահելու եւ  ասենք, քաղաքական հակառակորդների կամ  նրանց մերձավորների նկատմամբ կիրառելու տեսանկյունից։

-Միջազգայնորեն այդ գործիքը, որքան էլ ընդունելի համարվի, կա միասնական տեսակետ, որ դրա  օգտագործումը պետք է լինի բացառիկ եւ օբյեկտիվ, անհնարինություն պետք է առաջ գա անձի նկատմամբ քրեական  հետապնդումը շարունակելու տեսանկյունից։ Օրինակ,  կարող է լինել անձի մահը, վաղեմության ժամկետի հետ կապված խնդիրները, որոնց պարագայում վարույթն իրականացնող մարմինը  օբյեկտիվ պատճառներով չի կարողանում քննությունն ավարտին հասցնել եւ եթե առնչվում ենք չափազանց լուրջ եւ  պաշտոնական դիրքի հետ կապված հանցագործություններին, ապա թույլատրվում է անձի հետապնդումից անցում  կատարել գույքի հետապնդման, բայց , քանի որ գույքի  հետապնդումը տեղի է ունենում  քրեական դատավարական երաշխիքների շրջանցմամբ, որտեղ անձի իրավունքների պաշտպանվածությունը նույն աստիճանի չէ, ինչքան քրեական արդարադատությունում, եվրոպական միջազգային ստանդարտները  պահանջում են, որ հստակ կարգավորված լինեն դեպքերը եւ  երաշխիքներ  տրվեն, որ չարաշահումներ չլինեն։ Եթե օրենսդրությունը այդ երաշխիքները տրամադրում է, ուրեմն չարաշահումներից ապահովագրված ենք, բայց ՀՀ-ում տրվող կարգավորումները  ոչ միայն այդ երաշխիքները չեն տրամադրում, այլեւ այնքան ծավալուն եւ  լայն արարքներ ու դեպքեր են նախատեսել, որոնց պարագայում իրենք սա օգտագործելու են որպես քրեական արդարադատությունը շրջանցելու միջոց։ Այսինքն, քրեական գործի  շրջանակներում շատ լավ հասկանալու են, որ արարքը չեն կարողանում  հիմնավորել, որովհետեւ իրենց կողմից ձեռք բերված ապացույցներով չկան հիմքեր, բայց  մեծ է լինելու գայթակղությունը գույքազրկել որոշ անձանց եւ այս պայմաններում , առանց միջազգային  ստանդարտներով նախատեսված դեպքերի, այսինքն, օբյեկտիվ  անհնարինության, անցում են կատարելու ուսումնասիրությունների եւ քաղաքացիական դատավարության եւ իջեցված շեմերով, հեշտ կարգով ունեզրկելու են քաղաքացիներին։ Ընդհանրապես,  միջազգային պրակտիկայում չի կարելի ցանկացած անձի կանչել եւ ստիպել, որպեսզի  ինքը հիմնավորի իր գույքի՝ օրինական լինելը։  Սա  թույլատրելի է, եթե նախկինում եղել է  մեղադրական դատական ակտ, որը հաստատել է հանցագործության կատարումը, օրինակ, եթե անձը նախկինում  դատապարտված է եղել թմրամիջոցների շրջանառության համար եւ հետագայում գույք է բացահայտվել, որն առաջին դատավճռով քննարկման առարկա չի եղել, այս դեպքում, ողջամտորեն , վարույթն իրականացնող մարմին կարող է մտածել, որ  նախկին ապօրինի գործունեությունը կարող էր գեներացնել մեծ եկամուտներ եւ, օրինակ, այդ շքեղ առանձնատունը արդյունք լինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության։ Այս դեպքում անձից կարող են պահանջել, որ հիմնավորի իր գույքի օրինական եկամուտները, հակառակ  դեպքում, հետեւություն  կանեն, որ նախկինում հաստատված դատական ակտի արարքի՝ թմրամիջոցների շրջանառության հետագա արդյունք է։ Եվ կան  բացառիկ երկրներ, ըստ էության մեկ երկիր՝ Իտալիան, որտեղ անձին նման պահանջ կարող է ներկայացվել անձի՝ մաֆիային ասոցացվելու  ուժով, բայց բոլոր երկրները եւ միջազգային  պրակտիկան ընդունում են, որ դա Իտալիայով պայմանավորված ինքնուրույն երեւույթ է եւ կանխարգելիչ բռնագանձումը  թույլատրելի է Իտալիայի պարագայում, որտեղ կազմակերպված հանցավորության  ձեւավորված  ինստիտուտներ կան եւ այն իրագործելի չէ  այլ երկրներում։ Հայաստանի պարագայում հիմք են նախատեսել, որ  եթե կա հարուցված քրեական գործ եւ կա մեղադրյալ, որը մեղադրվում է  օրենքով  նախատեսված այդ  լայն  հանցագործություններից որեւէ մեկի կատարման մեջ, հնարավորություն է ստեղծվում  ոչ թե քրեական գործի շրջանակում հիմնավորել գույքի՝ ապօրինի լինելը, այլ անցում կատարել քաղաքացիական դատավարություն եւ պարզեցված ընթացակարգերով  հիմնավորել, ինչի տեսանկյունից ՀՀ օրենսդրությունը խիստ խնդրահարույց է եւ կարծում եմ, նման դեպքերը հետագայում կվիճարկվեն միջազգային ատյաններում։

-Տիկին Սահակյան, Դուք խոսեցիք դատախազության ՝ սահմանադրական լիազորությունների մասին։ Նախագծում դատախազությանը տրված լիազորությունները հիմնվում են  պետական շահի հանգամանքի վրա։  Արդյո՞ք այս հանգամանքը նպատակ ունի քողարկել  օրենքում տվյալ մարմնին տրված լիազորությունների ու տվյալ մարմնի՝ սահմանադրական լիազորությունների միջեւ հնարավոր  անհամապատասխանությունը։  Նման հարց կարո՞ղ է առաջանալ։

-Պետական շահի հետ կապված ուղիղ կարգավորումներ չկան, այլ հարց է, որ ուսումնասիրություն իրականացնելու իրավունքը եւ հետագայում հայց հարուցելը տրված է  դատախազությանը եւ այստեղ մենք տեսնում ենք առերեւույթ  հակասություն Սահմանադրության հետ, բայց որեւէ միտում  չէի ցանկանա վերագրել։ Ինչեւիցե, այդ կարգավորումները, ոչ միայն  դատախազության սահմանադրական լիազորությունների տեսանկյունից,  այլեւ սեփականության իրավունքի պաշտպանվածության, այլ քրեադատավարական երաշխիքների տեսանկյունից բախում են ունենալու  Սահմանադրության հետ եւ չենք կարող  բացառել հետագայում՝ կիրառվելու պարագայում, համապատասխան անձանց կողմից ՍԴ-ում օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելու  հնարավորությունը։

-Օրենքի գործողության ժամկետներից խոսենք։ Արդյո՞ք ողջամիտ ժամկետ է ընտրված։

-Այս առումով նախնական նախագծում կարգավորումների  փոփոխություն է եղել։ Հիմա ֆիքսված է՝ 1991  թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Սկզբնական փուլում այլ ժամանակահատված էր նախատեսված՝ վերջին 10 տարիների,  որը քննադատությունների տեղիք տվեց։ Վերախմբագրված տարբերակում մենք արդեն տեսնում ենք հետեւյալ ձեւակերպումը, որ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայտնի հանգամանքները, մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է  ներառել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Իրավասու մարմինը հիմնական ուշադրությունը պետք է դարձնի ուսումնասիրությանը նախորդող տարիների վրա, բայց, եթե ունի փաստեր, որոնք  կարող են խոսել ավելի վաղ ժամանակահատվածում գույքի ձեռքբերման ապօրինի ծագման մասին, կարող է նաեւ ավելի վաղ ժամանակահատվածը  քննարկման առարկա դարձնել, բայց ոչ ավելի վաղ, քան 1991 թվականը, ինչը տրամաբանական է։ Այստեղ, ի համեմատություն նախնական տարբերակի, ավելի առաջադիմական լուծումներ են տրվել։

- Եվ  վերջում, գաղտնիք չէ, որ 90-ականներին, օրինակ,  գործարքներն անկանխիկ էին իրականացվում , բանկային փոխանցումների համակարգը զարգացած չէր եւ ։ Խնդիր չի՞ առաջանալու տվյալ ժամանակահատվածում ձեռքբերված գույքի օրինականությունն ապացուցելու հետ կապված։

-Կարծում եմ՝ կլինեն։ Առհասարակ, Հայաստանում ձեւավորված համակարգը չի պահանջել նախկին գործարքների, ծախսերի, եկամուտների  վերաբերյալ փատաթղթերի կամ ապացույցների պահպանում եւ հասկանալի է, որ դրա բացասական  հետեւանքները չեն կարող դրվել քաղաքացիների վրա։ Նույնիսկ պետությունը ամենակարեւորագույն փաստաթղթերի արխիվացման ժամկետ է նախատեսում որոշ դեպքերում , ասենք, 10 տարին, իսկ այլ դրվագներով դրանք շատ ավելի սեղմ են՝  1 տարի կամ նույնիսկ ամիսներ, որից հետո կարեւոր ինֆորմացիաները ոչնչացվում են եւ հետագայում, նույնիսկ, երբ քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ են ունենում, չեն կարողանում  վերականգնել տեղեկատվությունը։ Այս պայմաններում պետությունը չի կարող  ակնկալիք ձեւավորել, որ քաղաքացիները օրենքով սահմանված կարգով կատարված գործարքները հիմնավորող փաստաթղթերը  պահպանել են եւ դրանց չպահպանվածության պարագայում պետք է կրեն բացասական հետեւանքներ։ Ես կարծում  եմ, որ օրենքը կիրառության տեսանկյունից մեծ խնդիրներ է ունենալու եւ  այն ավելի շատ ապագայում ծագող հարաբերությունների  նկատմամբ կիրառվող գործիք է եւ նույնիսկ այլ երկրների փորձը  ցույց է տալիս, որ նման օրենքները անարդյունավետ են աշխատել նախկին դեպքերի առնչությամբ, իսկ այն սակավ դեպքերը, որոնք հիմնականում ունեցել են քաղաքական ենթատեքստ, հետագայում հանգեցրել են մարդու իրավունքների  խախտումների, այդ դրվագներով  խախտումները ճանաչվել են նաեւ միջազգային ատյանների կողմից եւ կասեցվել է  նախկին դեպքերի նկատմամբ կիրառությունը ։ Արդյունքում պետությունը  կարճաժամկետ խնդիրներ է կարողացել լուծել, բայց հետագայում ավելի մեծ գումարներ է հատուցել նաեւ խախտված  իրավունքները վերականգնելու տեսանկյունից։ Դրա համար կարծում եմ, որ այդ օրենքները պետք  է դիտարկել սահմանագծեր անցկացնելու եւ  ապագայում դեպքերը կանխելուն միտված  միջոցառումներ եւ այդ ապագա  դեպքերի հետ կապված, կանխատեսելի կանոններով կկարողանան  անձանցից պահանջել փաստաթղթեր,  որոնք վերջիններս պարտավոր են պահպանել եւ չպահպանելու դեպքում կունենան հիմնավոր վարույթներ։ Հակառակ դեպքում դրանք լինելու են  խոցելի՝ դատավարական խնդիրներով, ընթացակարգերով եւ, ի վերջո,  տուժած անձինք հետամուտ են լինելու իրենց խախտված  իրավունքների վերականգնմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել