Pastinfo.am-ը գրում է․

Խորհրդարանում բռնության խոսքի հետ կապված հարցն են քննարկում, իսկ «Իմ քայլի» պատգամավորը շարունակում է ատելության խոսք տարածել, ինչը տարբեր ձեւերով տարածվում է նաեւ իրենց աջակիցների կողմից «Ֆեյսբուք»–ում, սոցիալական տարբեր հարթակներում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին: Վերջինս, հայտարարել էր, թե «Լուսավոր Հայաստանն» ու Էդմոն Մարուքյանը սկսել են քննարկել «շրիշակից ցածր մակարդակի» թեմա՝ իր՝ ՀՀԿ-ին անդամակցած լինելու մասին:

ԼՀԿ-ականներին Պապոյանը սաստել էր՝ ասելով. «Խլրտոցներ չլսեմ», «Ձայնդ կտրի: Հանգստացեք, թուլացեք ու վայելեք»:

«Ես իրեն պատասխանելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են: Ամբիոնից անընդհատ «Էդմոն Մարուքյան», «Էդմոն Մարուքյան» ասելով՝ այդ մարդիկ փորձում են դառնալ հայտնի: Եթե դա է հայտնի դառնալու ճանապարհը, խնդիր չկա, թող դառնան հայտնի, բայց ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության միջավայրը, որ այսօրվա իշխանությունը ձեւավորել եւ ամենօրյա ռեժիմով սնուցում է, դրա համար պատասխան են տալու, պատասխանատվություն են կրելու»,- ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանը դարձրել են Facebook, ԱԺ ամբիոնից սկսում են անդրադառնալ սոցցանցերի հրապարակումներին, ինչն անընդունելի է։ «Խորհրդարանական մշակույթում չկա նման բան, որ խորհրդարանը դարձնենք «Ֆեյսբուք»: Մեկը «Ֆեյբուք»-ում մի բան է գրում, մեկ էլ տեսնում ես՝ հաջորդ օրը ամբիոնից դրան պատասխանում են: Սա խորհրդարանն անլրջացնելու ամենավերջին տարբերակներից մեկն է»,-նշեց նա:

Մարուքյանը ընդգծեց, որ Գեւորգ Պապոյանը պետք է հպարտանա, որ ՀՀԿ-ի անդամ է եղել. «Փոխանակ հպարտանա, որ հանրապետական է եղել, որովհետեւ ինքը հպարտ հանրապետական է եղել, ուզում է հիմա ասել՝ «Վայ, չէ, ես չգիտեմ, հետո առաքիչ եմ դառել»: Թեման բացվել է նրանից, որ երբ մեզ ասում են՝ նախկիններին ենք աջակցում, սուտ լուրեր են տարածում, մենք ասում ենք՝ «եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես»: Իրենք նախկին են, մեզ են ասում՝ նախկիններին աջակցող: Հանրապետականների լիքը նախագծերի Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, ինչո՞ւ չեն հիշում: Հետեւաբար, շրիշակից ցածր չափանիշներն իրենց չափանիշներն են, լատենտ նախկիններն են»,- նշեց Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել