Առանց մեկնաբանության. Ախր ի՞նչ կարելի է գրել նման մարդուն ներկայացնելու համար: Ահա միայն այդպես կարելի է նկարագրել մի մարդու, ում մասին բազմիցս խոսվել է ու դեռ խոսվելու է: Գիտեմ շատերն են Ջոբսին ներկայացրել, որոշ հարցերում կկրկնվեմ, դա բնական է, սակայն նրա մարքեթինգային գործունեության առումով կան հետաքրքիր դրվագներ, որոնք կարծում եմ շատ հայտնի չեն լինի: Ինձ համար մի քանի մարքեթինգային հսկաներ կան, որոնցից մեկի մասին կսկսեմ ներկայացնել այսօրվանից՝ իհարկե մանրամասնորեն: Բնականաբար հետագա գրառումներում կներակայացնեմ նաև Apple ընկերությանը, նրա մարքեթինգային ռազմավարությունն ու Pixar ընկերության գաղտնիքը, որը կարծում եմ շատերին կհետաքրքրի: Ի դեպ հենց այս երկու ընկերությունների հաջողությունների ետևում կանգնած է Ջոբսը: Ուրեմն, սկսենք սկզբից՝
Սթիվ Ջոբսը ծնվել է 1954 թվականի փետրվարի 24-ին Սան-Ֆրանցիսկոյում: Բացի այս փաստից, նա իր ծագման մասին ոչինչ չգիտեր, մինչև հայտնի դառնալը: Ծնվելուց հետո մայրը Ջոբսին հանձնում է մանկատուն, ում որդեգրում են Կլարա և Փոլ Ջոբսերը, ովքեր արդեն 10 տարի հերթագրվել էին երեխայի համար: Արդեն 3 տարեկան հասակում արտահայտվում էր Ջոբսի բարդ բնավորության գծերը. երբ նա արթնանում էր առավոտյան 4-ին և սկսվում էին անհաջողությունները՝ կծում էր էլեկտրալարերը, խանգարում ծնողներին հանգիստ քնել, քանդում ձեռքն ընկած ամեն ինչ, սովորական երևույթ, ինչը մեր առօրյայում շատերի տանը կատարվում է, եթե ունեն փոքրիկ, բայց չարաճճի երեխա: Երբ Սթիվն արդեն 10 տարեկան էր, նրա հետաքրքրությունն էլեկտրոնիկայի նկատմամբ ավելի ակնհայտ է դառնում: Այդ տարիներին Սթիվի ընտանիքը տեղափոխվում է Մաունթին-վյու, որտեղ ապրում էին հիմնականում ինժեներներ, հատկապես Hewlett-Packard ընկերության ինժեներները, որոնք աշխատանքից հետո է փակվում էին ավտոտնակում և շարունակում աշխատել: Դա շատ էր գրավում Ջոբսին և նա հաճախ այցելում էր ավտոտնակներ և ուշադրությամբ հետևում, թե ինչ են անում այդ տաղանդավոր մարդիկ:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ, նա միշտ խնդիրներ էր ունենում իր հասակակիցների հետ և շատ հաճախ պարզապես մնում էր մենակ: Սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ ի հայտ են գալիս համառության առաջին գծերը, որի հետևանքով մի քանի անգամ Ջոբսին հեռացնում են դպրոցից: Հեռացման պատճառը հիմնականում տնային աշխատանքները չկատարելն էր և այն, որ Սթիվն անում էր միայն իր սրտի ուզածը և խանգարում մնացածներին: Նա այն խմբերի ղեկավարն էր, ովքեր օրինակ դասարանում օձ էին բաց թողնում, կամ ասենք ծաղրում ուսուցիչներին և դա երրորդ դասարանում: Նա իրականում հաճույք էր ստանում, երբ իր արարքով անհարմար դրության մեջ էր գցում մարդկանց, որի արդյունքում նրան հեռացնում են դպրոցից:
Սակայն չորրորդ դասարանում Սթիվն ընկնում է մի ուսուցչուհու ՝ Իմոջին Հիլլի, ազդեցության տակ, որը փոխում է նրա կյանքը: Նա իմ հրեշտակն էր, հետագայում հիշում է Ջոբսն իր ուսուցչուհու մասին: Այդ դասարանում սովորում էին ավելի ընդունակ երեխաները և բնական է ուսուցչուհին միշտ հետաքրքրվում էր բոլոր երեխաներով, որտեղ Ջոբսը ևս բացառություն չէր: Ուսուցչուհին գտավ այն բանալին, որով կարելի էր ստիպել նրան աշխատել: Որպեսզի Ջոբսը կատարի տնային աշխատանքները, նա խոստացավ, որ ամեն տնային աշխատանքը կատարելուց հետո կստանա 5 ցենտ: Դա այն խթանն էր, որ ստիպեց Ջոբսին սովորել: Այնքան էր տարվել ուսմամբ, որ չորրորդ դասարանում ավելի շատ բան սովորեց, աքան մնացած երեք տարիներին:
Այդ տարիներին զգացվում էր Ջոբսի զգայուն լինելը, քանի որ հոր գործերն այնքան էլ լավ չէին ընթանում և երբ ուսուցչուհին դասի ընթացքում հարցնում է, թե կա արդյոք աշխարհում մի երևույթ, որը չեն հասկանում, Ջոբսը ձեռք է բարձրացնում ու ասում՝ ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք աղքատանում: Սակայն հետագայում նա դպրոցում իրեն հարմարավետ չէր զգում, քանի որ այն գտնվում էր աղքատ թաղամասում և անընդհատ կռիվներ ու խնդիրներ էր ունենում: Դա նրան շատ էր տխրեցնում և վերջապես ծնողներին ասում է, որ այլևս այդ դպրոց մյուս տարվանից չի գնալու: Եվ արդյունքում հասնում է նրան, որ ծնողներն անգամ տեղափոխվում են ուրիշ քաղաք:
Բնական է այլ քաղաք և նորից նոր դպրոց, ի դեպ նշեմ, որ այդ քաղաքը, որտեղ տեղափոխվել էին Ջոբսի ծնողները կոչվում էր Կուպերտինո, որտեղ իր բուռն զարգացումն էր ապրում Lockheed ընկերությունը, որը նույնպես նոր տեխնոլոգիաների զարգացմամբ էր զբաղվում: Այս քաղաքում Սթիվը սկսում է հանդիպել իր հասակակից մի տղայի հետ, ով նույնպես շատ դժվար էր հարմարվում միջավայրին և նույնպես հետաքրքրվում էր էլեկտրոնիկայով: Այդ տղայի անունը Ֆրենսիս էր, ով ի դեպ Վոզնյակի ընկերն էր: Դե բոլորին էլ հայտնի էր, որ Վոզնյակը շփվում էր իրենից տարիքով փոքր տղաների հետ:
Ջոբսի համադասարանցիներից մեկը՝ Բրյուս Կորտյուրը, հիշում է, որ Ջոբսի առաջին օրերն էին դպրոցում և ֆիզկուլտուրայի դաս էր: Դրսում մառախուղ էր և դժվար տեսանելի էր դաշտի մյուս մասը: Կորտյուրն ասում էր, որ իրենք վազում էին և հանկարծ տեսնում է, որ Ջոբսն ուշադիր ետ էր նայում և երբ հասկացավ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն էլ չի կարող տեսնել այդքան հեռուն մառախուղի պատճառով, նստում է: Կորտյուրն ինքն էլ գալիս է ու նստում Ջոբսի կողքին և մի շրջան այդպես բաց են թողնում: Հետո վազում են նորից և նստում ու մի շրջան էլ են այդպես բաց թողնում: Արդյունքում նրանք երկուսն էլ ստանում են բարձր գնահատական և Կորտյուրն ասում էր՝ ես այդ ժամանակ զարմացել էի, որ Ջոբսը կարողանում է աշխատանքի կրճատման հաշվին ստանալ ավելին, քան մյուսները: Մյուս զարմանքն այն էր, որ նա այդքան քաջություն էր ունեցել նման քայլ կատարելու, քանի որ կյանքում իմ մտքով նման բան չէր անցնի: (Հիշեցնեմ, որ Ջոբսի երակներում հոսում էր արաբական արյուն):
Ջոբսերի տան դիմացի փողոցում ապրում էին Վոզնյակները, որտեղ տան ղեկավարը՝ Ջեֆ Վոզնիակը, աշխատում էր հենց Lockheed ընկերությունում և մասնագիտությամբ ինժեներ էր: 60-70-ական թվականներին ԱՄՆ-ում ծավալվում էին հակա-վիետնամական պատերազմի շարժումներ, որին մասնակցում էին նաև ուսանողները: Կոլորադոյի համալսարանը նույնպես այդ շարժումների մեջ էր, որին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում տաղանդավոր ինժեներ Սթիվ Վոզնյակը, որն այդ տարիներին դեռ սովորում էր: Երբ համալսարանի դեկանի ընտրություններն էր, բոլոր համակարգիչներով ոչ թե ներկայացվում էր ընտրությունների ընթացքը, այլ պարբերաբար այն կտրվում էր և ի հայտ էին գալիս հակապատերազմական կարգախոսներ: Դա Վոզնյակի ձեռքի գործն էր, ով փոխել էր համակարգիչների մեջ ծրագրերը: Դեկանի համբերությունը լցվում է և Վոզնյակին նույնպես հեռացնում են համալսարանից և նա վերադառնում է հայրենի քաղաք:
Ըստ Վոզնիակի մոր խոսքերի՝ Սթիվը այնպիսի տղաներից էր, որ երբեք չէր վազի աղջիկների ետևից, այլ կտրամադրվեր մի աշխատանքի ու ամբողջությամբ կնվիրվեր դրան: Վոզը, ինչպես նրան կոչում էին ընկերները, կարող էր օրերով նստել ու մշակել տարբեր սխեմաներ, սա բնական երևույթ է շատ տաղանդավոր մարդկանց մոտ, ովքեր մի ոլորտում կատարյալ օժտված են, իսկ մնացածն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում: Նա շատ հաճախ էր վիճում ուսուցիչների հետ և նրանց անհարմար իրավիճակի մեջ գցում, որը խոսում էր այս մարդու իմացության բարձր մակարդակի մասին:
Վոզն ու Ֆրենսիսը սկսում են աշխատել հաշվիչ մեքենա ստեղծելու վրա, ի դեպ նշեմ, որ Վոզնիակի կողմից ստեղծված մեքենան առաջինն էր, քանի որ սովորական հաշվիչ մեքենաները վաճառքի մեջ մտան միայն 5 տարի հետո: Նրանք իրենց մեքենան անվանեցին Flair Pen or Cream Soda Computer և մի օր Ֆրենսիսը որոշեց այն ցույց տալ Ջոբսին: Ահա այստեղ են հանդիպում երկու տարբեր ոլորտների տաղանդները, որը դառնում է ճակատագրական: