168.am-ը գրում է․

168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց, որ այս օրերին խանութներից և դեղատներից մեծ ծավալով գնումներ կատարելն ակցիա է, այլ ոչ թե՝ ռեակցիա. «Խուճապը ռեակցիա է: Ռեակցիան այն է, երբ մենք չենք կառավարում և չգիտենք՝ ինչ անել, եթե արդեն սկսում ենք որոշել՝ ինչ անել, օրինակ՝ գնալ խանութ, ապրանք գնել, դա իր մեջ դրական էլեմենտներ ունի, որովհետև սկսում ենք նախապատրաստվել, պաշտպանվել: Բայց ոչ բոլոր խանութներում էր այդպես: Խուճապային տրամադրություն կար, բայց հասարակությունն ինչ-որ բան պետք է անի, երբ նման իրավիճակ է ստեղծվում, և լավ է, որ առևտուր անի, դեղատնից միջոցներ գնի, դա պաշտպանական քայլ է, որի մեջ պետք չէ վատ բան փնտրել»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս հասկանալ, որ պաշտպանական քայլը չի վերածվել տագնապի: «Ամենավտանգավորն այն է, որ բոլորս ամբողջ աշխարհում ապրում ենք համընդհանուր սթրեսային իրավիճակում, այսինքն՝ բոլորի համար կա այդ ընդհանուր սթրեսը՝ կորոնավիրուսը: Այս պարագայում յուրաքանչյուրս յուրովի սկսում ենք վախենալ՝ արդյոք ես վտանգ ունե՞մ, կարո՞ղ եմ վարակվել, և այս ամենը ստեղծում է հոգեբանական դիսկոմֆորտ վիճակներ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ ցանկացած խուճապի, տագնապի, վախի, սարսափի հիմքում մահվան վախն է. «Մարդը կարող է վախենալ մթությունից, բարձրությունից և այլն, բայց բոլոր այդ վախերի հիմքում մեծամասամբ մահվան վախն է, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդը նմանատիպ փորձառություն ունի, բայց այդ դեպքում էլ կա մահվան վախը: Եթե մեկը պատերազմական իրավիճակում ռմբակոծության ժամանակ հայտնվել է վտանգավոր վայրում, ապա հետագայում հրավառությունը նրա մոտ կարող է տագնապային վիճակ առաջացնել: Բոլոր այդ իրավիճակներում մահվան վախը կա, իսկ կորոնավիրուսի պարագայում, որն ունի մահվան հնարավոր ելք, փաստորեն, մեր հոգեկանի մեջ ցնցվում է մահվան սարսափը»:

Այդ սարսափի հաղթահարման ստրատեգիաներ կան, և հոգեբանի առաջին խորհուրդն է՝ ապրել իրավիճակի մեջ, ոչ թե՝ իրավիճակից դուրս. «Այսինքն՝ այնպես չպահենք մեզ, որ իբր թե մեզ մոտ արդեն ախտորոշվել է կորոնավիրուս, դա կարող է մեզ հասցնել բավականին լուրջ, վտանգավոր իրավիճակի: Երբ սթրեսը քրոնիկական ձևով շարունակվում է, մեր իմունային համակարգը դրանից բավականին տուժում է, որովհետև սթրեսը պահանջում է ուժերի մոբիլիզացիա, հաղթահարման նոր ստրատեգիաների մշակում, ամբողջ օրգանիզմը գտնվում է դրդված վիճակում, որպեսզի հաղթահարի նոր խնդիրը: Սթրեսը երկարացնելով, մտացածին իրավիճակներ պատկերացնելով՝ թուլացնում ենք մեր իմունային համակարգը, իսկ դա կարող է ավելի խոցելի դարձնել ցանկացած վիրուսի նկատմամբ: Երկրորդ քայլը՝ ինչպե՞ս ենք հեռուստացույցն անջատում հոսանքից, պետք է ինքներս մեզ սովորեցնենք անջատվել այս թեմայից, որովհետև մենք շատ ենք միացած թեմային, բոլոր լրատվամիջոցներից ուզում ենք տեղեկանալ: Կառավարության կողմից արված առաջին քայլերը խուճապային տպավորություն թողեցին, որովհետև ինչո՞ւ միանգամից ախտորոշվեց, ու փակեցին դպրոցները, բայց միևնույն ժամանակ՝ դրանք միտված էին ավելի վերահսկելի, կառավարելի դարձնելու իրավիճակը: Պետք է փորձենք ժամանակ առ ժամանակ կտրվել այդ թեմայից և ապրել բնականոն կյանքով»:

Խաչատուր Գասպարյանը խորհուրդ տվեց կարգավորել նաև սնվելու և քնի ռեժիմները. «Հոգեբանական և բժշկական տեսանկյունից այդ երկու կարևոր ցուցիչները խոսում են մեր հոգեվիճակի մասին: Ընդ որում՝ խանգարում ասելով՝ չպետք է հասկանալ միայն սննդից հրաժարվելը, նաև պետք է հասկանալ չափից ավելի հետաքրքրությունը սննդի նկատմամբ, որովհետև շատ դեպքերում մարդիկ փորձում են սթրեսը հաղթահարելու համար շատ ուտել»:

Հարցին՝ ցեղասպանություն տեսած, երկկողմանի շրջափակման և պատերազմի մշտական վտանգի առաջ կանգնած երկրի քաղաքացիների հոգեբանությունն ինչպիսի՞ն է, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանությունը տարբեր է մյուսից: Ինչպես աշխարհում չկան երկու իրար նման տերևներ, ձյան փաթիլներ, պատկերացնո՞ւմ եք՝ լինեն իրար նման մարդիկ: Թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական տեսանկյունից մենք տարբեր ենք: Բայց գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ երկար տրավմաներ ապրած մարդկանց կյանքում նոր բացասական խթանիչը, որը կարող է նոր տագնապի, նոր տրավմայի աղբյուր հանդիսանալ, կարող է ընկալվել, և նախկին փորձն օգնի, որ այս խթանիչները հեշտությամբ հաղթահարենք: Մեզ սերնդեսերունդ փոխանցվել է ցեղասպանության տրավման, և մենք շատ զգայուն ենք այդ թեմայի նկատմամբ, բայց հետազոտություններն ապացուցում են, որ երկրորդային տրավման նախորդ տրավմայի շնորհիվ ավելի հեշտ կհաղթահարվի, և մեզանից ով ինչ տեսակ ռեակցիա կամ հակազդեցություն կունենա, ոչ ոք չգիտի»:

Նա ընդգծեց՝ հայերն ուրախ ժամանակ հակասական դրսևորումներ կարող են ունենալ, բայց մի բան հստակ է՝ դժվարին վիճակներում միաբանված են, մի կողմ են դնում բոլոր կուսակցական, անձնական համակրանքները, փորձում միավորվել՝ հանուն մեկ գաղափարի. «Ես վստահ եմ, որ այս կորոնավիրուսը մի թեստ է մեզ համար՝ հասկանալու համար, թե նմանատիպ իրավիճակներում որտեղ կա համաճարակի բռնկման սպառնալիք, սա արտակարգ իրավիճակի նախապատրաստություն է: Մենք հիմա փորձ ենք կատարում հասկանալու՝ դժվար իրավիճակին պատրա՞ստ ենք, թե՞ ոչ, որովհետև մենք ապրել ենք երկրաշարժ, որի ժամանակ պարզվեց, որ մենք պատրաստ չենք եղել նման աղետի, պարզվեց, որ շատ դեպքեր կարող էին չպատահել, եթե մարդիկ ավելի բարձր ինքնագիտակցություն և տեղեկացվածություն ունենային»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել