Tert.am-ը գրում է․

Արդեն 5 տարի է՝ երգարվեստում իր խոսքն է ասում Project LA նախագիծը, որը ներկայացնում է Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը դասական բանաստեղծությունների հիման վրա: Երգերի զգալի մասը կատարում է Գոռ Սուջյանը:

Էդգար Պոյի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունները երգերի վերածելուց հետո նախագծի հեղինակ Լևոն Արևշատյանը որոշեց անդրադառնալ հայ դասականների՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններին։ Երգերը բավականին սիրվեցին:

Վերջերս հեղինակը ևս մեկ փոփոխություն արեց. նա առաջին անգամ երգ ներկայացրեց ոչ թե դասական գործով, այլ Ավետ Բարսեղյանի հեղինակած բանաստեղծությամբ:

Երեկ Project LA-ը համերգ ունեցավ Club 12-ում, որի ընթացքում մի շարք պրեմիերաներ ներկայացրեց: Tert.am Life-ը ներկա է եղել համերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները: Համերգի ունկնդիրների թվում էին Ժաննա Բուտուլյանը, Հասմիկ Խոջյանը, Շուշանիկ Արևշատյանը, Գոռի կինը՝ Վարսան, որդին՝ Դանիելը և այլք:

Նախագիծը քիչ է ներկայանում ակումբային համերգներով, թեև դրանք բավականին սպասված են: Գոռը նկատեց, որ այս համերգները տարբերվում են համերգասրահային ելույթներից:

«Համերգասրահներում մեծ բազմություն ես տեսնում, ակումբային համերգի ժամանակ մթնոլորտն ավելի մտերմիկ է, տեսնում ես հանդիսատեսի աչքերը, սակայն երկու ձևաչափն էլ շատ սիրում եմ: Տարբեր հաճույքներ են»,- ասաց երգիչը:

Համերգի ընթացքում հնչած մի շարք պրեմիերաների թվում էր Ավետ Բարսեղյանի խոսքերով ստեղծագործությունը: Գործունեության պատմության մեջ նախագիծն առաջին անգամ է շեղվում դասական բանաստեղծությունների հիման վրա երգ ներկայացնելու ավանդույթից: Երգը կոչվում է «Սուտ երդումներ»:

«Դա Լևոն Արևշատյանի որոշումն է, քանի որ հեղինակն ինքն է: Այս անգամ որոշեց ոչ թե բանաստեղծության հիման վրա երաժշտություն գրել, այլ խոսքերը գրվեն երաժշտության հիման վրա: Չգիտեմ՝ սա շարունակական գիծ կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց կատարողը:

Project LA-ը նոր թափ տվեց Գոռ Սուջյանի գործունեությանը: Երգիչն այս շրջանում ավելի շատ կենտրոնացել է հենց Project LA-ի երգերի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել