Armdaily.am-ը գրում է․

Ինչպես գիտենք, կորոնավիրուսի բռնկման օջախը Չինաստանն է: ArmDaily.am-ը զրուցել է Չինաստանում վիրուսի տարածվածության մակարդակով երկրորդ ամենաշատ դեպքեր արձանագրված քաղաքում ապրող հայ երիտասարդի՝ Բաբկեն Ավետիսյանի հետ, պարզելու՝ թե ինչպիսի իրավիճակ է տեղում: 

-Չինաստանի ո՞ր քաղաքում եք ապրում, ինչո՞վ եք զբաղվում:

 Տվյալ պահին Դունգուան քաղաքում եմ, անգլերենի ուսուցիչ եմ, նաև սկսել եմ ուսումնասիրել բիզնես պրոյեկտներ Չինաստան-Հայաստան ու հակառակ ուղղություններով:

-Ձեզ մոտ քանի՞ հայ է ապրում:

Մեզ մոտ, իմ ունեցած տեղեկություններով, բնակվում ենք 4 հայ, որոնց հետ ես կապ ունեմ, բայց 1-ը արդեն վերադարձել է Հայաստան 2 շաբաթ առաջ:

-Դուք պատրաստվո՞ւմ եք վերադառնալ Հայաստան:

Դեռ ոչ, քանի որ ունեմ պարտականություններ ու պայմանագիր աշխատանքիս վայրում: Ու հետո, ոչ ոք չի ցանկանում լավ աշխատողին թողնել անաշխատանք: Չեմ թաքցնի, մեզ մոտ խուճապ եղել է, ու մեր մեծ մասը շատ էր վախենում էստեղ փակված մնալուց, քանի որ մեկը մյուսի հետևից վայրկյանական չեղարկվում էին բոլոր թռիչքները, ու ցանկություն կար իմանալու` եթե Չինաստանի բոլոր սահմանները փակվեն ու այսպես ասած` Չինաստան պետություն ասվածը առանձնանա ու դառնա կարանտին զոնա, մեր պետությունը ի զորու կլինի՞ մեզ տարհանել, թե ոչ: Բայց այդ պանիկան շատ շուտ վերացավ, քանի որ մեր դեսպանատունը միշտ կապի մեջ էր ու մեջ է մեզ հետ, ու Ուհանից մեր 2 քաղաքացիներին տարհանելուց հետո հանգստացանք բոլորս: Իսկ հիմա, երբ արդեն փետրվարի 10-ից մեծ գործարանները, իսկ հիմա նաև արդեն փոքր խանութները սկսում են կամաց-կամաց աշխատել, մենք հանգիստ ենք զգում մեզ, ու ես մնում եմ, քանի որ կյանքը վերականգնվում է:

-Այս պահին կորոնավիրուսի քանի՞ դեպք է արձանագրվել ձեր նահանգում:

Այս պահին իմ պրովինցիան` նահանգը, Հուբեյ նահանգից, որտեղ գտնվում է Ուհան քաղաքը, գրավում է 2-րդ տեղը` վարակվածների քանակով: Քանի որ աշխարհի բիզնես կենտրոններ համարվող ահռելի մեծ քաղաքներ Գուանջոուն ու Շենժենը գտնվում են այստեղ ու շարժը շատ է: Կոնկրետ իմ քաղաքում տվյալ պահին կան 99 դեպք, 1 մահ, 63 ապաքինված: Նկարում կարող եք տեսնել, այսօրվա վիճակագրությունն է, 22:50-ի դրությամբ (ՀՀ-ից Չինաստանը 4 ժամ առաջ է):

-Հիմա կարանտի՞ն է: Սնունդ, անհրաժեշտ պարագաներ ինչպես եք ձեռք բերում:

 Իհարկե ոչ: Կարանտին չկա ու չի եղել ոչ մի նահանգում, բացի Հուբեյ նահանգից: 2 շաբաթվա կարանտին է համարվում այն շենք/շինությունը, որտեղ գրանցվում է վարակված մարդ, ում շատ կազմակերպված ձևով իզոլացնում են, իսկ մնացածին, ով շփում է ունեցել տվյալ մարդու հետ, ինչպես նաև իր բնակության վայրը վերցնում են հսկողության տակ:

-Խանութներում ամենադեֆիցիտ ապրանքները որո՞նք են:

Խանութներում ընդհանրապես ոչ մի բանի դեֆիցիտ չի եղել հենց առաջին օրվանից: Ճիշտ է, շատ-շատ էին առևտուր անում մարդիկ` տնից քիչ դուրս գալու համար, բայց կոնկրետ իմ քաղաքում ոչ մի բանի պակաս չի եղել: Ու իմ ընկերների ու ծանոթների հետ, ում հետ խոսացել եմ, իրենց մոտ էլ չի եղել դեֆիցիտ:

-Բժշկական դիմակներ հնարավո՞ր է գտնել դեղատներում:

Սկզբի 2 օրը որոշ դեղատներում չկային դիմակներ, քանի որ շատ էին գնել, բայց հետո ստացան: Կոնկրետ իմ քաղաքում կան թե՛ դիմակներ, թե՛ սպիրտ` ձեռքերը ախտահանելու համար:

-Ձեզ մոտ կա՞ չարդարացված գնի բարձրացում որոշ ապրանքների մասով, օրինակ՝ նույն բժշկական դիմակների:

Քանի որ նախկինում չեմ գնել դիմակ, նախկին ու ներկա գներից տեղյակ չեմ: Ես լսել եմ, որ եղել են թանկացումներ դիմակների, բայց պետությունը միանգամից օրենքով արգելեց ու փակեց այն դեղատները, որոնք բարձրացրել էին գները, պլյուս մեծ տուգանքներ դրեց վրաները (կարծեմ մոտ 150.000 դոլարի): Ես մի անգամ գնել եմ 3M տեսակի դիմակ հենց առաջին օրը 28 յուանով (~1700 դրամ), իսկ հաջորդ անգամ` N95 տիպի դիմակ 80 յուանով (~5500 դրամ), բայց տուփի մեջ եղել է 2 հատ. այսինքն ամեն մեկը 40 յուան: Հիմա արդեն ավելի է իջել գները, մի քանի օր առաջ 36 յուան էր կարծեմ: Իսկ մնացած ապրանքների վրա սուպերմարկետում ես թանկացումներ չեմ նկատում, չնայած որ սովորություն չունեմ գներ հիշելու, բայց ծախսում եմ մոտավորապես նույնչափ, ինչքան առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել