Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հենց դասական գրականությունը, այլ ոչ թե հոգեբանության մոտիվացիոն գրքերը կարող են բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ կյանքի որակը, հաղորդում է Daily Mail-ը: Դեպրեսիայով, խրոնիկական հիվանդություններով եւ նույնիսկ դեմենցիայով տառապող մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել «օգնիր ինքդ քեզ» շարքի գրքերից հօգուտ Չառլզ Դիկենսի, Լեւ Տոլստոյի կամ Ջեյն Օսթինի ստեղծագործությունների:
Լիվերպուլի համալսարանից պրոֆեսոր Ֆիլիպ Դեւիսի կարծիքով՝ դասականների ընթերցումն ազատում է հույզերն ու երեւակայությունը եւ մարդկանց թույլ է տալիս իրենց զգալ «ավելի եռանդով լի», ինչը կարող է թեթեւացնել հիվանդության ախտանիշները:
Մոտիվացիոն եւ դրանց նման գրքերը նման արդյունք չեն տալիս, որովհետեւ դրանց ընթերցման գործընթացը բազային հմտություն է եւ ուղեղը չի կտրում տխուր մտքերից:
«Դուք պարզապես տեղեկատվություն եք փնտրում եւ դա անում եք արագ, դա շատ պարզ է եւ տեղի է ունենում գրեթե ինքնաբերաբար, իսկ գեղարվեստական գրականության ընթերցումը ենթադրում է ավելի բարդ գործընթացներ, եւ ուղեղն սկսում է աշխատել: Մարդը ներքաշվում է տեղի ունեցող իրադարձությունների մեջ, գործի են դրվում նրա հույզերը»,- պարզաբանել է Դեւիսը:
Նրա սիրելի դասական ստեղծագործությունը Ջորջ Էլիոթի «Միդլմարչն» է: Այն հայտնի է իր ոչ պարզ լեզվով, բարդ կերպարներով եւ խճճված սյուժեով:
Արդեն ապացուցված է, որ ընթերցանությունը նաեւ օգնում է պահպանելու հիշողությունը հասուն տարիքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: