«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։
Մեղադրել քաղաքացիներին այդ խուճապի համար, բնականաբար, չի կարելի, քանի որ խուճապ տարածողն առաջին հերթին՝ իշխանություններն են՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Հենց իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, կիրակի օրվանից սկսեցին իրարամերժ տեղեկություններ հաղորդել վարակվածի մասին՝ սկզբում հայտարարելով, թե փնտրում են նրան տեղափոխած տաքսիի վարորդին, հետո ասելով, թե իրականում նա տեղափոխվել է նույն ինքնաթիռով տեղափոխված անձանցից մեկի հետ՝ հարազատի ավտոմեքենայով, և այդպես շարունակ։ Խուճապի մյուս ալիքը տարածվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ վարակվածն ու Իրանից Հայաստան տեղափոխված ևս շուրջ 30 քաղաքացիներ տեղավորվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում․ մի քանի ժամերի ընթացքում Ծաղկաձորը գրեթե դատարկվեց այնտեղ հանգստացողներից, ինչը կանխելու համար իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, նախարարներով, պատգամավորներով, մեկնեցին Ծաղկաձոր ու համացանցը ողողեցին այնտեղից արված լուսանկարներով։
Հաջորդ խուճապը պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններն էին դպրոցներն ու հարակրթական բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ: Սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ինքն իր երեխաներին երկուշաբթի օրը դպրոց է ուղարկելու, քանի որ որևէ վտանգ չկա: Սակայն նրա այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-8-ը, այսինքն՝ փակվում են բոլոր հանրակրթական հաստատությունները:
Այս հակասական հայտարարություններն իրականում է՛լ ավելի սրեցին խուճապային տրամադրությունները հասարակության շրջանում, որոնք չգիտեին՝ ում հավատալ, ում՝ ոչ: Ամենազավեշտալին այն է, որ այս ամենից հետո հենց նույն պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերում մարդկանց համոզում են հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը, այսինքն՝ իրենց: Սակայն այդպես վարվելու դեպքում միանշանակ խուճապը կմեծանա:
Այսպիսով, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք, իշխանություններն անհոդաբաշխ հայտարարություններ ու ոչ համակարգված քայլեր են անում, ինչի արդյունքում՝ քաղաքացիները վստահ չեն, որ իշխանությունն իրականում անում է վարակի տարածման կանխարգելման համար բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Այսինքն՝ առկա է վստահության դեֆիցիտ իշխանության նկատմամբ, ինչի պատճառով քաղաքացիներից ամեն մեկը փորձում է ապահովագրել ինքն իրեն, այդ թվում՝ դեղորայք ու սննդամթերք պահեստավորելով։
Մնում է հույս ունենալ, որ կորոնավիրուսի արձանագրված դեպքն առաջինը լինելով՝ կդառնա նաև վերջինը, այլապես խիստ կասկածելի է, որ իշխանություններն ի զորու կլինեն համարժեք քայլեր կատարել, Աստված մի արասցե, վարակի նոր դեպքերի առկայության պարագայում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 03.03.20թ. համարում։