Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը՝ տեղեկացնում է TASS-ը:
Նշվում է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից և կգործեն մինչև գարնանային արձակուրդներն սկսվելը:
Կախված պրեֆեկտուրայից՝ դրանք կա՛մ մարտի կեսերն են, կա՛մ մարտի վերջը: Կառավարության լրացուցիչ կարգադրությունների բացակայության դեպքում երեխաները դպրոց կվերադառնան ապրիլին: Անհատական կարգով դպրոցները փակելու մասին արդեն հայտարարել են Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի և Օսակա արևմտյան քաղաքի իշխանությունները:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 900-ը, ութ մարդ մահացել է: Վարակվածների մեծամասնությունը Diamond Princess ճամփորդանավի ուղևորներն են և անձնակազմը: