Առնվազն արդար չէ գնալ հանրաքվեի, խոշոր հաշվով, ՍԴ 7 դատավորի գործից հանելու նպատակով՝ չիմանալով նույնիսկ այն դատավորների անունները, ովքեր պետք է նրանց փոխարինեն: Եթե ողջ քարոզչաքաղաքական լիրիկան, որը քաղաքագիտության և իրավագիտության տեսանկյունից վտանգավոր անգրագիտություն է, թողնենք մի կողմ, ապա իշխանությունները պետք է գոնե, «Այո՛»-ի և «Ո՛չ»-ի միջև ընտրություն կատարալու առաջարկից բացի, ինձ՝ որպես «համեստ» քաղաքացու և պոտենցիալ որոշում ընդունող ընտրողի, ցույց տան և հիմնավորեն, թե ես ինչը ինչով եմ պատրաստվում փոխել:

Այլ կերպ ասած, հարգելի «Այո՛»-ի կողմնակիցներ, օրինակ՝ դուք գիտե՞ք, թե, իշխանության քարոզչա-բառամթերքով ասած, ո՞րն է կամ ովքե՞ր են «Նոր Հայաստանին հարիր ՍԴ նոր դատավորները», թե՞ ձեզ հետաքրքրում է միայն «հներին» կամ «նախկիններին» գործից հանելու կույր ցանկությունը, քանի որ այդ ամենն օրինականության և սահմանադրականության հետ խորը խնդիրներ ունի, մինչդեռ այն ձեզ մատուցվում է որպես «որոշող դառնալու» հնարավորություն: Հուշեմ՝ որոշողը պետք է ունենա ընտրության հնարավորություն, իսկ այդ ընտրությունը ձեզ մատուցվում է որպես նեղ «Ա՛յո» կամ «Ո՛չ»:

Ես իրոք ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ն «Այո՛» և ինչի՞ն «Ո՛չ»: «Դուխով» և «հպարտ» լինելը կարո՞ղ է լավ բան է: Չգիտեմ, բայց ես կնախընտրեի, որ մենք լինեինք գոնե պատասխանատու և գիտակից: Դեռևս չեմ խոսում իրավագիտակից և վերահսկող լինելու կարևորության մասին:

Եթե մի քիչ էլ խտացնեմ գույները, ապա կարելի է ասել, որ դուք, հարգելի՛ քաղաքացիներ, ի դեմս ձեր ձևավորած ԱԺ-ի, արդեն ընտրել եք և նշանակել ՍԴ դատավոր մի մարդու, ով չի աշխատում, սակայն ստանում է աշխատավարձ մեր վճարած հարկերից, և այդ հանգամանքը չի հետաքրքրում նրան ընտրած ԱԺ մեծամասնությանը, իսկ վարչապետն այդ շատ նուրբ հանգամանքի մասին հրապարակայնորեն հայտնեց իր «անտեղյակ» լինելու մասին: Սա է «Նոր Հայաստանի» ողջ ժողովրդավարական սյուրռեալիստական պերճանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել