Pastinfo.am-ը գրում է․

Կա պետական գաղտնիք, ծառայողական գաղտնիք եւ անձնական տվյալների պաշտպանություն, որը բացարձակ իրավունք չէ եւ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում հասարակությունն իրավունք ունի իմանալ բարձրաստիճան պաշտոնյայի անցյալին վերաբերող որոշակի տեղեկություններ ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկության հրապարակման առնչությամբ հարուցված քրեական գործին։

«Ես միշտ ասում եմ՝ ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ։ Հասարակությունը իրավունք ունի դա իմանալ»,-շեշտեց միջազգային իրավունքի մասնագետը։
Այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաեւ «Այո» քարոզչական կողմի շտաբի պետն է, հայտարարել է, որ որևէ խնդիր չունի լրագրողի կամ լրատվամիջոցի հետ եւ որ իր խնդիրը պետական պաշտոնյայի մասին կենսագրական տվյալները իրավապահ համակարգից դուրս հանողի հետ է։ Նախարարը նաեւ հայտնել էր, որ այս գործով 2 օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և տուժողի կարգավիճակ ունի։

Արա Ղազարյանի խոսքով, հարցը վերաբերում է ընդամենը մեկ փաստական տվյալի՝ անձը դատվա՞ծ է, թե՞ ոչ։ «Դա չի կարող լինել գաղտնի, այլ բան է, որ մեղադրական դատավճռում այնպիսի ինֆորմացիա կա, օրինակ ինտիմ բնույթի, որը պետք է մնա գաղտնի, բայց տեղեկությունը՝ նախարարը դատված եղե՞լ, թե՞ ոչ, չի կարող համարվել գաղտնիք, որովհետեւ նա բարձրաստիճան պաշտոնատար անձ է։ Կրկնում եմ, դատվածության մանրամասներում կարող են պաշտպանության ենթակա տեղեկություններ լինել, բայց զուտ փաստը չի կարող գաղտնի լինել, նրա անցյալի վերաբերյալ տեղեկությունը հասարակությունը իրավունք ունի իմանալ, այնքանով, որքանով դա կապ ունի նրա գործառույթների հետ»։

Ըստ մասնագետի, այլ հարց է, թե արդյո՞ք այդ ինֆորմացիան որեւէ պաշտոնատար անձ անօրինական ճանապարհով է դուրս բերել։ «Գուցե պաշտոնատար անձը իր պաշտոնեական լիազորությունները չարաշահել է, դա այլ հարց է։ Օրինակ, ես մի իրավապաշտպանի էի պաշտպանում դատարանում, ում վերաբերյալ «Իրավունք» շաբաթաթերթը նախաքննական գաղտնիք էր հրապարակել եւ մենք դատարանում վիճարկում էինք դա, որովհետեւ ըստ էության, նախկինում կատարված քննության նյութերը նախաքննական մարմինը արխիվից վերցրել էր եւ տվել լրատվամիջոցին, որպեսզի վարկաբեկեր իրավապաշտպանին, որովհետեւ այնտեղ իսկապես, ինտիմ բնույթի ինֆորմացիա կար, այսինքն, կարեւորը ինֆորմացիայի բնույթն է, դատվածության վերաբերյալ ապրիորի չպետք է խոսել»։

Հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախկինում դատվածություն է ունեցել եւ դա թաքցրել է իր կենսագրությունից։ Ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման եւ ազատ արձակվել 2007 թվականին համաներումով: Սուրեն Պապիկյանը հրապարակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստացի ընդունել էր դատվածության փաստը , միեւնույն ժամանակ նա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ: Նա հայտարարել էր, որ դա նպատակ ունի «այո»-ի շտաբի աշխատանքները մրոտել։ Ապա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով / ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասով/։

Ըստ մասնագետի, տվյալ դեպքում, ըստ երեւույթին նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը արխիվից վերցրել են եւ հրապարակել, ինչը նույնն է, որ «Դատալեքս»-ում մարդկանց մեղադրական դատավճիռներն են կարդում։

«ՀՀ-ում դատավճիռը հրապարակվում է, այսինքն, դա գաղտնիք չէ, եթե կան ընտանեկան կյանքի վերաբերյալ ինչ-ինչ տվյալներ, դռնփակ անցկացված դատաքննության տվյալները չեն հրապարակվում, բայց եթե մեղադրական դատավճիռները ՀՀ-ում հրապարակման ենթակա են ինչի՞ մասին է խոսքը։ Եթե նախարարի վերաբերյալ դատաքննությունը դռնփակ չի եղել եւ մեղադրական դատավճիռը չի հրապարակվել դռնփակ, նշանակում է՝ դա հրապարակման ենթակա ինֆորմացիա է։ Անձնական կյանքը պետք է հարգել, բայց ոչ ոք չի հրապարակել անձնական բնույթի մանրամասներ մեղադրական դատավճռից, հրապարակվել է միայն, թե ինչի համար է դատվել։ Հիմա նոր իրավաբանությո՞ւն են հորինում, որտեղից են այդ ամենը վերցնում»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հարցը 20 տարի է՝ քննարկվել է եւ այժմ դարձել է իրավական միտք։

«Եթե մենք գտնվեինք 2001 թվականում, ես կասեի՝ լավ, նոր սկզբունքներ են եւ հանրային քննարկում է գնում, բայց այդ հարցերը վաղուց Հայաստանում փակվել են։ Այն ժամանակ, երբ ստեղծվեց Դատալեքսը, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է մտնել եւ առավոտից մինչեւ երեկո կարդալ այլ անձանց վերաբերյալ դատական ակտերը, այդ ժամանակից ի վեր այդ հարցը լուծված է։ Հակառակ պնդումը, ըստ մասնագետի, պսեւդոիրավաբանություն է»։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե ելնելով նախարարի բարձրացրած խնդրից, ստացվում է, որ այս կամ այն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից հրապարակված տեղեկություններն էլ, որոնք հաճախ պարունակում են անձնական կյանքին վերաբերող մանրամասներ, անթույլատրելի է հրապարակել, Արա Ղազարյանը ասաց, որ այդ դեպքում փոխհավասարակշռվում է անձնական կյանքի իրավունքն ու հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը։

«Ելնելով հանրային գերակա շահից, առանձին դեպքերում անհրաժեշտություն կա քրեական գործից որոշ տվյալներ հաղորդել հասարակությանը, բայց պետք է շատ զգույշ լինել, Հայաստանում դա հաճախ չարաշահվում է, բայց ընդհանրապես, տեսությունն այն է, որ քրեական գործի մասին որոշ տվյալներ պետք է հասարակությունն իմանա, եթե գործը հանրային հնչեղություն ունի»,-ասաց Արա Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել