ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ. Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ՝ պետք է հանրությանը հայտնեմ հետևյալը․ քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետև միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը, հավանաբար, դատելով Դ. Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկի:
Հիշեցնեմ, որ վրաերթի հետևանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ և անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո: