![](/static/news/b/2020/02/665884.jpg)
Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը, անդրադառնալով Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է, որ թուրքական զինուժը Լիբիայում 2 զոհ ունի:
Մինչ այդ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը և նշել, որ վերջինս թուրք ժողովրդի շահերի համար Պուտինին է լսում, փոխանակ լսի երկրի ընդդիմությանը:
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում ընդդիմությունը: Կարող եմ թվով էլ նշել (Լիբիայում թուրքական կորուստների մասին –խմբ.): Պարոն Քեմալը եկել, մեզ խելք է ուզում սովորեցնել: Արդեն հայտարարեցի տվյալները: Ի՞նչ է անելու դրանք պարոն Քեմալը»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր թուրքական զինուժի կորուստների վերաբերյալ, սակայն հստակ թիվ չէր նշել: Նա պնդել էր, որ թուրքական զինուժը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման հետ միասին Լիբիայի ազգային բանակի շուրջ 100 զինվորի է սպանել:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:
Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու: