Ankakh.com-ը գրում է.
Մարդու մարմնում ներքին հսկայական ջերմություն է ստեղծվում: Սովորաբար մարմինը հովանում է քրտնարտադրության շնորհիվ: Բարձր ջերմաստիճանի դեպքում, ֆիզիկական ինտենսիվ վարժությունների ժամանակ, բարձր խոնավության պայմաններում օրգանիզմի «հովացման» բնական համակարգը թուլանում է ու ներքին ջերմությունը բարձրանում է, երբեմն հասնում վտանգավոր մակարդակի: Դրա հետևանքով հնարավոր է` օրգանիզմի գերտաքացում առաջանա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ջերմային ցնցումների, ջերմահյուծման կամ էլ ջերմային հարվածի: Ջերմային ցնցումներ Կարող են առաջանալ ինտենսիվ մարզումների ժամանակ կամ հետո` էքստրեմալ բարձր ջերմության պայմաններում: Քրտնարտադրությունը ստիպում է օրգանիզմին աղ ու հեղուկ դուրս հանել, ինչը հանգեցնում է մկանների կծկման: Երեխաները, եթե բավարար քանակությամբ հեղուկ չեն խմում, ապա հնարավոր է` ջերմային ցնցումներ ունենան: Չնայած վիճակի ծանրությանը` ջերմային ցնցումները վտանգավոր չեն: Ի՞նչ պետք է անել. ջերմային ցնցումների ժամանակ հիմնականում հատուկ բուժում չի պահանջվում: Պետք է պարզապես տեղափոխվել զով վայր ու ծարավը հագեցնել: Մկանների մերսումը նույնպես կարող է օգնել: Ջերմահյուծում Առաջանում է տապի ժամանակ, հեղուկի անբավարարության հետևանքով: Ախտանշաններից են` ջրազրկումը, հոգնածությունը, թուլությունը, կպչուն մաշկը, գլխացավը, սրտխառնուքը կամ փսխումը, հիպերվենտիլյացիան (արագացած շնչառությունը), գրգռվածությունը: Ի՞նչ կարելի է անել: Եթե տուժածը երեխա է,ապա տեղափոխեք նրան զով վայր, հանեք հագուստը կամ քանդեք կոճակները, ուտելիք ու խմելու բան տվեք նրան: Երեխային գոլ ջրով լողացրեք (ոչ սառը): Եթե երեխան դեռևս թույլ է և հաց ուտել ու խմել չի կարողանում, ապա դիմեք բժշկի: Եթե վերը թվարկված միջոցները չձեռնարկվեն, ապա ջերմային հյուծումը կարող է վերածվել ջերմային հարվածի, որը, ցավոք, կարող է ճակատագրական լինել: Այս շաբաթ տեղեկություն ստացվեց, որ Ճապոնիայում բաց երկնքի տակ սպորտային մրցույթի մասնակցած 30 երեխա է հոսպիտալացվել ջերմային հարվածով: Նրանց մի մասը գտնվում է վերակենդանացման բաժնում: Ուստի աշխատենք չհասցնել այդ վիճակին: Ջերմային հարված Սա օրգանիզմի գերտաքացման ամենաբարդ ձևն է, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել կյանքի համար: Օրգանիզմը կորցնում է ջերմափոխանակության ունակությունը: Մարմնի ջերմությունը կարող է հասնել անգամ 41,10 և ավելի, ինչը հանգեցնում է ուղեղի վնասման ու նույնիսկ մահվան, եթե մարմնի ջերմությունը չկարգավորվի: Ջերմային հարվածի առաջացման գործոններից են ավելորդ տաք հագուստը, շոգ եղանակին ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հեղուկի անբավարար քանակությունը: Երեխան ջերմային հարված կարող է ստանալ շոգին փակ ավտոմեքենայի մեջ: Անցած տարի նման ողբերգական դեպք կատարվեց Մոսկվայում. ծնողները նորածին երեխային փակել էին ավտոմեքենայում ու իրենք առևտրի գնացել: Վերադառնալով երեխային ավտոմեքենայում մահացած էին գտել: Երբ դրսում ջերմությունը 330 է, ավտոմեքենայի մեջ այն կարող է հասնել մինչև 520-ի: Նման պայմաններում ընդամենը 20 րոպեում մարմնի ջերմությունը կարող է բարձրանալ կյանքի համար վտանգավոր աստիճանի: Ի՞նչ կարելի է անել - եթե ձեր երեխայի մաշկը կարմրած է ու չոր, քրտնքի հետք էլ չկա, - եթե նրա մարմնի ջերմաստիճանը 400 ու ավելի է, - եթե ծանր, սրտխփոցի նմանվող գլխացավ կա, - թուլություն, գլխապտույտ, գիտակցության մթագնում, - թուլություն ու հոգնածություն, - զգայնության կորուստ կամ էլ նվազում, - գիտակցության կորուստ, ապա հարկավոր է անմիջապես դիմել մասնագիտական օգնության: Օրգանիզմի գերտաքացման դեպքում առաջին բուժօգնությունը Երեխային կամ մեծին տեղափոխեք զով վայր կամ ստվերոտ տեղ, հանեք հագուստը, մարմինը տրորեք խոնավ սառը սպունգով: Կանխարգելումը Սովորեցրեք երեխային մինչ ինչ-որ բան անելը կամ ընթացքում անընդհատ շատ հեղուկ ընդունել, եթե անգամ խմել չեն ուզում: Ինքներդ հագեք ու երեխային էլ հագցրեք բաց գույնի ու ազատ հագուստ: Երեխայի ակտիվությունը կեսօրից հետո սահմանափակեք: Խաղի համար հարմար ժամեր են մինչ կեսօրն ու երեկոն` 6-ից հետո: Փորձեք նաև երեխաներին բացատրել, որ պետք է տուն կամ շենք մտնեն, երբ զգան, որ շոգում են: Ամառ. հանգստի ու աղիքային վարակի սեզոն Տաք օրեր, հանգիստ բնության գրկում, քաղաքից դուրս, օտար երկրներում, թարմ միրգ ու բանջարեղեն և աղիքային վարակներ, ինչը կարող է պարզապես փչացնել հանգստի համն ու հոտը: Տաք եղանակը նպաստում է աղիքային վարակների բազմացման պայմանների ստեղծմանը: Ի՞նչ բողոք ունեք Թուլութուն, ջերմություն, ախորժակի բացակայություն, գլխացավ, պայծառ լույսի նկատմամբ սուր ռեակցիա: Սրանք ախտանշաններ են, որոնք հատուկ են շատ ու շատ հիվանդությունների: Եթե դրանք ուղեկցվում են սրտխառնուքով, փսխումով, փորլուծով, փորացավով, ապա դա ավելի շուտ աղիքային ինֆեկցիա է: Դրա տեսակից կախված` ախտանշանները կարող են տարբեր լինել: Սակայն բոլոր աղիքային վարակների դեպքում մի ընդհանրություն գոյություն ունի` ջրազրկում: Առողջ մարդու օրգանիզմում աղիքային վարակի հարուցիչը հայտնվում է սննդի, ջրի ու կեղտոտ ձեռքերի միջոցով: Բացի այդ, ամռանը սննդի մեջ մեծ քանակությամբ հում բանջարեղեն ու թարմ միրգ է օգտագործվում, որոնց անլվա մակերեսին հսկայական քանակությամբ մանրէներ են բնակվում: Ամռանը կաթնամթերքի, ձկան, արգանակի մեջ հայտնվելով` այդ մանրէները հսկայական արագությամբ բազմանում են ու հասնում այն քանակի, որ «հաջողությամբ » կարող են վնասել ստամոքս-աղիքային տրակտի պաշտպանական պատնեշները: Որոշ դեպքերում այդ մանրէներն այնքան վտանգավոր չեն, որքան դրանց կենսագործունեության արգասիքները` տոքսինները: Ի դեպ, աղիքային վարակների գրեթե բոլոր հարուցիչները չափազանց կենսունակ են: Ցավն այն է, որ դրանցով վարակված սննդամթերքը չի փոխում գույնը, համը, տեսքը: Սովորաբար հիվանդությունը սուր ընթացք է ունենում, առաջանում է փորացավ ու փորլուծ, սրտխառնոց, փսխում, թուլություն ու ջերմության բարձրացում: Այդ վարակների հետևանքով է, որ հիվանդանում ենք սալմոնելոզով, վիրուսային հեպատիտ А -ով, դիզինտերիայով. գաստորոէնթերոկոլիտով: Դիզենտերիան հանդիպում է բոլոր կլիմայական գոտիներում ու բոլոր սոցիալական խմբերում, սակայն ամենից հաճախ այն հանդիպում է կլիմայական շոգ գոտիներում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ անձնական հիգիենան չպահպանելը, դրա համար է,որ այս հիվանդությունն այլ կերպ անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»: Սալմոնելոզը մանր շարժուն մանրէներ են, որոնք կենսունակ են նաև արտաքին միջավայրում: Վարակի ուղիները բազում են, ամենահաճախ հանդիպում է սննդային սալմոնելոզը, երբ սննդի մեջ օգտագործվում են վարակված մթերք, հաճախ` կենդանիների ու թռչունների միս, ձու, որոնք անբավարար մշակում են անցնում: Վարակում կարող է կատարվել նաև կեղտոտ ջրից, խմելու կամ անգամ լողանալու դեպքում: Աղիքային հիվանդություններով չվարակվելու համար հարկավոր է հետևյալ կանոններին հետևել. - Որտեղ էլ լինեք` տանը թե դրսում, առողջարանում թե հանգստյան վայրում, միշտ լավ, հոսող ջրով լվացվեք ու լվացեք միրգն ու բանջարեղենը, իսկ եթե դրանք նախատեսված են շատ փոքրիկների համար, հնարավորության դեպքում լվացեք եռման ջրով: - Միշտ հետևեք գնված մթերքի պահպանման ժամկետին: - Անհարմար մի զգացեք հարցեր ուղղել վաճառողին կասկածելի մթերքի վերաբերյալ, իսկ եթե այն ձեզ ինչ-որ բանով դուր չի գալիս, ապա հաստատապես հրաժարվեք դրանից: - Կաթը, կաթնաշոռը, հատկապես մասնավոր անձանցից ձեռք բերած մթերքը լավ ջերմամշակման ենթարկեք: - Շուտ փչացող մթերքը պահեք սառնարանում: - Լողալիս ջուր մի կուլ տվեք (հատկապես սա վերաբերում է երեխաներին): - Մի գնեք կիսած ձմերուկ, սեխ: Ամեն ինչ էլ վերահսկելի է Երբեմն աղիքային վարակները լինում են տնից հեռու, հանգստավայրում որտեղ բուժօգնությունն այնքան էլ հասանելի չէ: Հետևաբար կարելի է 1-2 օր լրիվ հրաժարվել սննդից, սակայն շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմում դրա պակասը լրացվի: Քանի որ փորլուծի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար միկրոտարրեր, պետք է այդ պակասը ևս լրացվի: Սակայն բացառեք թարմ հյութերն ու ցանկացած կաթնամթերքը: Մանրէների դեմ պայքարելուն կօգնի, ասենք, երիցուկի եփուկը. դրա համար պետք է 1 թ/գդալ երիցուկի հումքի վրա մեկ բաժակ եռման ջուր լցնել ու խմել օրական 3-4 բաժակ: - Բրձի թանձր եփուկ պատրաստեք ու այդ հեղուկը խմեք. այն հրաշալի պաշտպանում է ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը գրգռիչներից: - Թույների ու մանրէների դուրսբերման համար պետք է սորբենտներ օգտագործել, ինչպիսին ակտիվացված ածուխն է: 2-3 օրից ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե փորլուծը չդադարի, ապա անպայման դիմեք մասնագետի: Դա նշանակում է, որ աղիքային վարակը չափազանց լուրջ է ու ինքներդ չեք կարող այդ վիճակը կարգավորել: Ամենակարևորը` մի հասցրեք ձեզ այդ վիճակին: Ամռանը հիգիենայի առումով ավելի լուրջ մոտեցում է պահանջվում: Աղիքային վարակների հետևանքները կարող են ծայրահեղ լուրջ լինել: Ջրազրկումը, որ տեղի է ունենում վարակման հետևանքով, կարող է սրտի, երիկամների և ուղեղի գործունեության խանգարման հանգեցնել: Ամառը հանգստի շրջան է, ու աշխատեք, որ այդ հանգիստը չվերածվի վատ հիշողության: