Pastinfo.am-ը գրում է.

2020թ. կհայտարարվի էներգախնայողության տարի։ Այս մասին Կառավարության նիստին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով վարչապետի հարցին։

«Մի շատ հայտնի անեկդոտ կա։ Խոսք է գնում, որ բենզինը թանկացել է և զրուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում։ Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է, որովհետև այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները, մենք բոլորս, մեր աշխատավայրերի, տների տաքացման, ջերմացման և հովացման համար ծախսում ենք X գումար և այդ գումարը կարող է նվազեցվել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար»,- կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ ներդրում անելու պարագայում էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա ծախսերի, բյուջեի վրա։

Վարչապետն ընդգծեց, որ էներգախնայողությունը պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն։

Փաշինյանին ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասաց, որ 3.7 մլն դրամը նորմատիվ բազաների ձևավորումն է, իսկ 17 մլն դրամը վարկերի գրանտներն են։

Գրիգորյանը չբացառեց, որ գրանտը որոշ դեպքերում կօգտագործվի վարկային տոկոսի զրոյացման համար կամ համաֆինանսավորման համար։

Գումարը կհատկացվի բազմաբնակարան շենքերի փաթեթավորման, լուսամուտների և լամպերի փոփոխման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել