«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթելու համար իշխանությանն անհրաժեշտ է շուրջ 650 հազար ձայն։ Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա բարդ, չափազանց բարդ խնդիր է։ Սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում է՝ որպես կենաց-մահու հարց, իբրեւ թե այդ հանրաքվեից է կախված ամեն ինչ՝ տնտեսության զարգացումը, դատարանների անկախացումը, մարդկանց լավ կյանքը, եւ այդպես շարունակ…
Դա, իհարկե, իրականության հետ ընդհանրապես կապ չունի, սակայն իշխանության քարոզչական մարտավարության հիմնական բաղադրիչն է։ Եվ հանրաքվեին այդպիսի նշանակություն տալով՝ իշխանությունը ցույց է տալիս նաեւ, որ բացառում է հանրաքվեի տապալման հնարավորությունը։ Եվ այս պարագայում առաջանում է կարեւոր հարց՝ արդյոք իշխանությունը Սահմանադրական հանրաքվեում հաղթելու համար կդիմի՞ ընտրակեղծիքների, թե՞ ոչ։ Խոսքը, բնականաբար, կոպիտ ընտրակեղծիքների, քվեատուփեր լցոնելու մասին չէ. այդ ժամանակները վաղուց անցյալում են։
Հարցը վերաբերում է առավելապես վարչական ռեսուրսի կիրառմանը։ Արդյոք իշխանությունը կօգտագործի՞ վարչական ռեսուրսը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին «կտանի՞» ընտրատեղամասեր, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հետհայացք գցել եւ հասկանալ՝ արդյոք անցած շուրջ երկու տարիներին իշխանությունն օգտագործե՞լ է այդ գործիքը, թե՞ ոչ։ Պատասխանը դրական է՝ այո, իշխանությունը անհրաժեշտության դեպքում կիրառել է վարչական ռեսուրսն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել։ Ամենաթարմ օրինակը Հանրապետության հրապարակում կազմակերպված ամանորյա միջոցառումն էր, որին մասնակցելու համար անգամ մարզերից ավտոբուսներով մարդիկ էին բերվել միայն այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կայանա բազմամարդ հրապարակում։
Եվ ուրեմն, եթե անգամ էսթետիկական տեսարան ստանալու համար իշխանությունը «բերման է ենթարկում» հպարտ քաղաքացիներին, ի՞նչն է նրան ստիպելու ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսը հանրաքվեի ընթացքում օգտագործելու գայթակղությունից։ Բնականաբար, դա փորձ կարվի կատարել հնարավորինս անաղմուկ, աննկատ, բայց այսօր դա գործնականում հնարավոր չէ։ Դա արձանագրելու են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային դիտորդները։ Բայց հասկանալի է, որ իշխանությանը դա այնքան էլ չի հուզում։ Եթե միջազգային հանրության արձագանքը հուզեր իշխանությանը, նա չէր գնա ակնհայտ հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով հանրաքվե անցկացնելու քայլին։
Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ ապրիլի 5-ին մենք ականատես ենք լինելու «հին եւ բարի ավանդույթներով» հանրաքվեի՝ այն տարբերությամբ, որ ընտրատեղամաս են գնալու ոչ թե՝ «կեղեքված, ոտնահարված, խեղճացած», այլ՝ «հպարտ» քաղաքացիները, որոնք իշխանության համար ոչ թե նպատակ են, այլ միջոց»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 20.02.20թ. համարում։