Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար, սակայն քանզի նրանցից բանիմաց և խորը անալիտիկայի հույս այլևս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին:

1. Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից: Եթե նման «գանդիական», սպիտակ աղավնու իմիջի նպատակը դրսի աչքերում միավորներ հավաքելն էր, ապա շեշտեմ, որ դա չստացվեց:

Հետևություն․ կոնստրուկտիվ լինել պետք է միայն այն դեպքում, երբ տեսանելի ցույց ես տվել քո իրական ուժը: Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն:

2. Ամիսներ առաջ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կռվանը լինելու է «ժողովրդավարությունը»: Մյունխենից առաջ կարծես թե իրավիճակն առավել բարենպաստ կարող էր թվալ այդ հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները: Սակայն իրականության մեջ համաշխարհային գերկենտրոնները երբեք էլ լրջորեն չեն դիտարկել «ժողովրդավարությունը» իրենց գեոպոլիտիկ շահերի համատեքստում: Միջազգային շրջանակների մյունխենյան արձագանքները նույնպես լրացուցիչ միավորներ չտվեցին Հայաստանին:

Հետևություն․ Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը (ինչը մշտապես է եղել, մինչև 2018 ապրիլը նույնպես) չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել