Հարգելի պարոն վարչապետ,
Քանի որ նախաձեռնող խնբի նիստ տեղի չունեցավ, որպեսզի տեղյակ պահեմ Ձեզ իմ որոշման մասին, ինչպես նաև կարևորելով հրապարակայնության տարրը՝ ստիպված եմ այսպես և բաց կերպով հայտնել իմ որոշումը:

Վերջին մեկ տարում ավելի ու ավելի ցայտուն են դարձել մեր կուսակցության կողմից գլխավորվող իշխանության վարքագիծը, գոյություն չունեցող կամ անընդունելի գաղափարներն ու սկզբունքները, ինչպես նաև մոտեցումները: Իմ համոզմամբ՝ դրանք այլևս վաղուց չեն համապատասխանում այն կուսակցության հռչակված գաղափարախոսությանն ու սկզբունքայնությանը, որին ես հավատալով՝ անդամագրվել եմ դեռ 2017թ.-ին և այդ օրերից սկսած՝ արել եմ ամեն ինչ, ինչը կախված է եղել ինձանից «Քաղաքացիական պայմանագրի» Վարդենիսի տարածքային կառույցի կայացման համար։

Ելնելով վերոնշյալ իրողություններից և ստեղծված իրավիճակից, ինչպես նաև կուսակցության՝ իր հռչակած կուրսից և արժեքներից մեծապես շեղման հանգամանքից՝ ես այլևս չեմ կարող լռել և չեմ կարող շարունակել իմ անդամակցությունը կուսակցությանը՝ ինձ պահելով այնպես, կարծես թե ոչինչ չեմ նկատում, և ոչինչ չի կատարվում: Գիտեմ, որ, համաձայն վերջին շրջանում ձևավորված ավանդույթի, ինձ մեղադրելու են «պաշտոն չստանալու», «աբիժնիկ» լինելու և կամ ինչ-որ հնարովի, բայց իբրև թե վարկաբեկող այլ նմանատիպ բաների մեջ, բայց ձայն բարձրացնող այլ սթափ կուսակցականների և ոչ կուսակցականների հանդեպ նման վիրավորանքն էլ մեր կուսակցության ներկայիս մոտեցումների մաս է կազմում։ Դա էլ ինձ չի կարող ետ պահել իմ խղճի ձայնը լսելուց:

Ստեղծված մթնոլորտից և իրավիճակից դուրս գալու միայն մեկ տարբերակ է մնացել՝ հեռանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Այն, ինչ մենք արել ենք երկու հազար տասնութ թվականի մարտ-մայիս ամիսներին, արժանի է մեծ գնահատանքի և կմնա պատմության մեջ: Այն, ինչ մենք արել ենք և ինչը մենք վերափոխել ենք դրանից հետո, իմ պատկերացումներով չի տեղավորվում այն արժեքների շրջանակներում, որոնք մենք հռչակել էինք: Եվ դրա պատասխանատու որպես երկրի և կուսակցության միանձնյա ղեկավար ես Ձեզ եմ համարում, պրն. վարչապետ: Ձեզ եմ համարում նաև հիմնական պատասխանատուն մեր կուսակցական ակտիվի մի մասի լռելյայն հիասթափության, որովհետև Ձեր շեղումը Ձեր հռչակած արժեքներից և խոստացված վարքագծից ահռելի է, իսկ Ձեր առաջացրած հիասթափությունը՝ անտանելի:

Կուսակցության, նրա ղեկավարության որակի անկման և անթույլատրելի վարքագծի պատասխանատվությունն այլևս կիսել Ձեզ հետ ես չեմ կարող և չեմ ցանկանում:

Պրն. վարչապետ. կուսակցականներին հիասթափեցնել Դուք գուցեև կարող էիք, բայց ժողովրդի գիտակից հատվածին հիասթափեցնելու և հուսախաբ անելու ճանապարհ Դուք չպետք է բռնեիք:

Հեռանալով ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել