Armdaily.am-ը գրում է․
Առաջիկայում Զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն, երեկվանից շրջանառվող այս տեղեկությունները այսօր ԳՇ պետի հետ կայացած փակ հանդիպումից հետո հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Մենք արդեն անդրադարձել ենք հնարավոր պաշտոնանկություններին, վերադասավորումներին, դրանց վերաբերյալ ԶՈՒ-ում առկա դիրքորոշմանը, ուստի այս հարցին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։
Բանակում պաշտոնանկություններն իշխանությունների արձագանքն էր վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրանցված ոչ մարտական 13 կորստի հետևանքով հանրության մոտ ձևավորված տագնապին և կտրուկ գործողություններ իրականացնելու պահանջին։ Կարելի է ասել, իշխանություններն ականջալուր եղան տարաբնույթ քննադատություններին, վարչապետ Փաշինյանը Գերմանիայից վերադառնալուց հետո խորհրդակցություն հրավիրեց, քննարկեց ստեղծված իրավիճակը։ Իշխանությունը մտածում է, որ հրաժարականներ պետք է լինեն, հանրությունը պետք է տեսնի պատասխանատվության ենթարկվողների, այլապես եթե այսօր բանակում մահվան դեպքերի համար ինչ-որ անձինք չհեռացվեն, վաղը հանրությունն ավելի «մեծ» զոհաբերություններ կպահանջի իշխանություններից։
Որքան էլ արդարացի է հրաժարականների պահանջը, բայց դեռևս մեծ հարցական է, թե այդ հրաժարականներով արդյոք պարզվելու են զինվորների մահվան հանգամանքները կամ ապագայի համար քանի նման դեպք է բացառվելու։
Ինչու են հայկական բանակում զինվորներ ինքնասպան լինում, ինչը կամ ով է դրդում նրանց նման քայլի, ուր է նայում հրամանատարական կազմը, ինչ քայլեր են ձեռնարկվում զինվորի՝ նման ծայրահեղ քայլի չհասնելու համար. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր հանրությունը պետք է լսի պատասխանատուներից։ ԳՇ պետն այսօր հպարտորեն հայտարարում էր, թե 8 ինքնասպանության դեպք է կանխվել, բայց հետաքրքիր է՝ մտածել են, թե ինչու ընդհանրապես պետք է զինվորը փորձի ինքնասպան լինել։ Հաստատապես նման քայլի պատճառը բանակում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը չէ։
Հրաժարականներին պետք է հաջորդի կոնկրետ քննությամբ ձեռք բերված տվյալների հաշվետվությունը դեպք առ դեպք, հանրությունը պետք է տեսնի, որ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով գործերը բացահայտվում են, պատասխանատվության ենթարկվողներ կան։
Եթե դա այսօր չլինի, որոշ ժամանակ հետո մենք նորից ականատես կլինենք նման ողբերգական դեպքերի։
Բանակում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերի թիվը նվազեցնելու համար արմատական փոփոխությունների հրամայականը օրակարգային է դարձել։ Նոր իշխանությունները բանակային բարեփոխումները սկսելուց պետք է համակարգային լուծումներ առաջարկեն՝ առաջնայինը երկրորդայինից զատելով։ Ընդ որում՝ բանակային բարեփոխումների հարցում միշտ չէ, որ PR-ը պետք է ընդունել առաջնահերթ ելման կետ։ Չպետք է տրվել գայթակղությանը եւ անել բարեփոխումներ, որոնք տեսախցիկի առաջ լավն են, գեղեցիկ են, գովեստի արժանի, երբ կարեւորագույն խնդիրները մնում են չլուծված։
Օրինակ՝ նոր սննդային համակարգի ներմուծումը, իհարկե, լավ է, գովելի է, եթե իհարկե, մի կողմ թողնենք մասնագիտական նեղ շրջանակների քննադատությունները, հաշվարկները՝ արդյունավետության մասով եւ այլն։ Սակայն ավելի գերակա է կարգապահության, քրեական ենթամշակույթի խնդիրը։ Դա նույնն է, երբ հազիվ իր կենսական կարիքները հոգացող քաղաքացին կարող է իրեն թույլ տալ վերջին մոդելի ՍՄԱՐԹՖՈՆ գնել՝ մի հինգ տարի վարկ մարելով, բայց կողքի խանութից հացը պարտքով գնել։ Իսկ բանակում կարգապահության, քրեական ենթամշակույթի տարրերի արմատախիլ անելու, բարոյահոգեբանական մթնոլորտի հարցերը կարող են լուծվել բացառապես գերպրոֆեսիոնալ սպայական անձնակազմի շնորհիվ։
Իսկ պրոֆեսիոնալներին պետք է պահել եւ փայփայել, քանի որ պաշտպանությունը եւ անվտանգությունը փորձարկումներ անելու կամ յուրայիններին ամեն կերպ տեղավորելու դաշտ չեն։
Հիշենք, ընդամենը վերջերս լրատվամիջոցներում բազմաթիվ սկանդալային հրապարակումներ եղան ՊՆ-ում հնարավոր յուրացումների, չարաշահումների մասով, որոնց աշխարհագրությունը հատել էր Հայաստանի սահմանը։
Մենք ինքներս էլ պարբերաբար տեղեկություններ ենք ստանում ՊՆ-ում պետական գնումների համակարգի ոչ արդյունավետ գործունեության, գնումներում կոռուպցիոն ռիսկերի մասին, որոնք բնականաբար, որպես կանոն, պաշտոնապես չեն հաստատվում, հաճախ հարցը քողարկելու համար ոլորտի պատասխանատուներն օգնության են կանչում ամենազոր «ռազմական գաղտնիք»-ին, իսկ նախաքննության մարմիններն էլ՝ նախաքննական գաղտնիքին, ուստի հաճախ դժվար է դրանց անդրադառնալը, վերլուծելը։ Սակայն բոլոր դեպքերում ծուխն առանց կրակի չի լինում, և թերևս պետական գնումների ոլորտում իրավիճակի անբավարար լինելը չի կարող շտկվել միայն խնդիրը ծածկադմբոց անելով։ Թերևս նաև այս կարեւորագույն խնդիրը լուծելու համար վերջերս ՊՆ-ը հետ է կանչել դեռևս 2018թ օգոստոսին պաշտոնից ազատված ԶՈՒ թիկունքի պետ Նորայր Յոլչյանին եւ նշանակել համապատասխան դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Հիշեցնենք, որ նրան պաշտոնից ազատել էին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած աղմկահարույց հրապարակումներից հետո, որոնք ըստ ամենայնի կամ չեն հաստատվել, կամ բավարար հիմնավոր փաստեր չեն եղել իրավական ընթացակարգեր իրականացնելու համար։ Փաստորեն մեծ աղմուկով մարդուն ազատում են պաշտոնից, սակայն այժմ, երբ փաստորեն նյութատեխնիկական ապահովման ոլորտում ձախողումների պատճառով կանգնում են փաստի առաջ, հրավիրում են ունակ և փորձառու մասնագետին իրավիճակը շտկելու։
Ինչևէ, բանակայնի բարեփոխումները զինվորական սնունդի ոլորտում, նոր սպառազինությունների ձեռքբերման արդյունավետության բարձրացման ուղղությամբ և այլ ոլորտներում թեեւ կարևոր, բայց ոչ բավարար պայման են առողջ և մարտունակ բանակ ունենալու համար։ Բանակում երկաթյա կարգապահության հաստատումը, քրեական ենթամշակույթն արմատախիլ անելը, արդարության մթնոլորտ և առողջ բարքեր հաստատելը կոնկրետ ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք կարող են լինել միայն։ Եւ դա մեր երկրի կարևորագուն առաջնահերթություններից է։