Armdaily.am-ը գրում է․
Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 22-ին, շարունակվում էր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով հերթական դատական նիստը։
Այդ դատական նիստին շարունակվում էր գործով վկաների հարցաքննությունը։
Լրագրողների հետ զրույցում Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը ասաց, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։
Վերջինիս խոսքով՝ իր դիրքորոշումը հստակ է՝ մեղադրանքն անհիմն է, և հափշտակություն, իր համոզմամբ, գոյություն չունի։
Նա նաև հայտնեց, որ Սերգո Կարապետյանը և Բարսեղ Բեգլարյանը նախաքննության ընթացքում առերեսվել են և Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը, իսկ Բեգլարյանը՝ հերքել։
Հիշեցնենք, որ քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սերգո Կարապետյանին՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունները և քրեական գործն ուղարկել դատարան։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։