Pastinfo.am-ը գրում է.

Առաջին անհաջող փորձից հետո՝ կառավարությունը որոշել է կրկին աճուրդի հանել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, որը դժվար է ասել՝ կամավո՞ր, թե՞ պարտադրաբար, պետությանը նվիրաբերեց մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը։

Աճուրդի կանոնների համաձայն առաջարկի գինը նվազեցվել է. նախկին 7,5 միլիարդի փոխարեն՝ այս անգամ առաջարկվում է 7,1 մլրդ դրամ։ Թեև խնդիրը այնքան էլ գնի մեջ չէ։

Քչերը կցանկանան տեր դառնալ այնպիսի մի գույքի, որը հետագայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ իրենց համար։ Նման օրինակ արդեն ունենք` կապված «Բջնի» գործարանի հետ։

Նախկին սեփականատերը՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանափոխությունից հետո փորձում է հետ բերել իր ընկերությունը։ Ժամանակին հարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ՝ գործարանը բռնագանձվեց և հանվեց վաճառքի։ Այն ձեռք բերեց գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ վճարելով ավելի քան 4,4 մլրդ դրամ։

Հիմա նախկին սեփականատերը փորձում է հետ բերել իր սեփականությունը։

Անկախ նրանից, դա կստացվի՞, թե՞ ոչ, այն վատ նախադեպ է դառնալու կամավոր կամ պարտադրված պետությանը հանձնված ցանկացած գույքի իրացման ժամանակ։ Դրան արդեն բախվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը։

Հիշեցնենք, որ համալիրի առաջին աճուրդը, որը նշանակված էր անցած տարվա դեկտեմբերի 18-ին չկայացավ՝ մասնակից չունենալու պատճառով։

Երկրորդ աճուրդը նշանակված է փետրվարի 21-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել