Tert.am-ը գրում է.

Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր: Փաշինյան-Ալիև քննարկմանը նման գնահատական է տվել վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում:

«Վարչապետը որևէ առումով պատրաստված չէ: Նա խնդիրներ ունի աշխարհագրության հետ, պատմության հետ, բանակցային գործընթացի առանձին վերցրած դետալների  իրողությունների հետ», - նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ հետո, պաշտոնական հաղորդագրություններում ինչ-որ բաներ սրբագրած սեփական հանրությանը ներկայացնելով, խնդիրը չի լուծվում:

«Երբ վարչապետը չի հիշում Այազ Մութալիբովի հարցազրույցի լրատվամիջոցը, իսկ հետո պաշտոնական հաղորդագրության մեջ վարչապետի արած սխալը սրբագրվում է, ոչինչ չի փոխվում, քանի որ արդեն ստեղծել է տպավորություն: Երբ վարչապետը տեղյակ չէ Շահումյանի շրջանի կարգավիճակի մասին, նրա տրանսֆորմացիայի մասին և չիմանալով խոսում է, հետո ինչքան էլ սրբագրեք տեքստը, ոչինչ չի փոխվում», - նշում է Կարեն Բեքարյանը:

Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: «Վարչապետի խոսքում ինքնորոշման իրավունքը, դրա իրացման անհրաժեշտությունը պատշաճ ձևով չհիշատակվեց. սկզբունք, որը մեզ համար ամենաէականն ու կարևորն է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում», -  ընդգծում է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանը խնդրահարույց է համարում անընդհատ կարգավիճակից առանձնացված անվտանգության խնդրի բարձրաձայնումը: «Անվտանգություն ասվածը, դիմացինների կողմից եղած առաջարկներում պատվիրակելը որևէ մեկին՝ միջազգային հանրությանը կամ նույն Ադրբեջանին, չի կարող լուծման բերել հենց անվտանգության տեսանկյունից, եթե կարգավիճակի խնդիրը մեկընդմիշտ լուծված չէ», - նշում է Բեքարյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վարչապետի «միկրոհեղափոխություններին»՝ Կարեն Բեքարյանը նշում է.  «Չկար պատկերացումը, որ իր սեփական PR-ի համար օգտագործվող միկրոհեղափոխությունների այդ թեզն իրականում ոչ այլ ինչ է, քան փուլային տարբերակի քողարկված քարոզ, տարբերակ, որի համար տասնամյակներ շարունակ պայքարել է Ադրբեջանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել