Մարիա Գարսիան և Միգել Ռեստրեպոն հանդիպել են 23 տարի առաջ, երբ կյանքն այնքան էլ հեշտ ընթացք չուներ երկուսի համար էլ: Ե՛վ նախկինում, և՛ այսօր նրանք ապրում են հյուսիսային Կոլումբիայում, որտեղ մեծ տարածում ունի բանդիտիզմը: Իսկ որտեղ կա բանդիտիզմ, այնտեղ երիտասարդությունը բազմատեսակ կախվածություններ ունի և վատ սովորություններ:

Երիտասարդները ծանոթացել են թմրանյութ օգտագործելու ժամանակ, դուր են եկել միմյանց և սկսել են իրար հետ շատ ժամանակ անցկացնել: Հենց այսպես էլ սկսվել է սիրո պատմությունը:

Նրանք շատ բաների միջով են անցել, բազմաթիվ տարիներ են ծախսել իրենց վատ սովորություններին վերջ դնելու համար: Սակայն այդ ընթացքում և՛ Միգելը, և՛ Մարիան կորցրել են բոլոր ընկերներին, և ոչ մի հարազատ այլևս չի ցանկացել նրանց հետ շփվել:

Երիտասարդները գնալու տեղ չեն ունեցել և որոշել են ապրել հին կոյուղում: Կոյուղին լքված էր ու մոռացված, սակայն այնտեղ հնարավոր կլիներ թաքնվել եղանակային վատ պայմանների ժամանակ:

Ամուսիններն ապրում են այդ կոյուղում ավելի քան 20 տարի: Նրանց «բնակարանի» տարածքը շուրջ 60 քմ է, և այն ունի բարձր առաստաղ: Ի սկզբանե այնտեղ չի եղել լույս, ջուր, սակայն տարիների ընթացքում Միգելը լուծել է այդ հարցերը:

Այժմ զույգը հնարավորություն ունի երեկոյան փոքրիկ ու հին հեռուստացույց դիտելու: Լվացվում են տաշտի մեջ, իսկ գլխավերևի անցքը փակում են նրբաթիթեղի շերտով:

Երկու տասնամյակի ընթացքում նրանց «տան» ինտերիերը մի քանի անգամ ձևափոխվել է: Իրերի մեծ մասը հավաքում են աղբավայրերից: Նրանք քչով բավարարվում են և չեն բողոքում կյանքից:

Զույգն արդեն բավականին մեծ է: Երկուսն էլ փորձել են աշխատանք գտնել, սակայն «բավարար» աշխատավարձի առաջարկի երբեք չեն հանդիպել: Նրանք, իհարկե, չունեն բարձրագույն կրթություն ու փորձ:

Նրանց հետ է ապրում ընտանիքի մեկ անդամ ևս՝ շնիկ Բլեքը: Նա ժամանակի ընթացքում մտերմացել է «տանտերերի» հետ և դարձել նրանց մտերիմ ընկերը:

Քաղաքային իշխանությունները բազմաթիվ անգամներ Մարիային ու Միգելին առաջարկել են սոցիալական ապասատան, որը, չնայած որ շատ համեստ է, սակայն, վստահաբար, առավել լավն է, քան կոյուղին: Սակայն զույգը հրաժարվել է: Նրանք վախենում են, որ հասարակության մեջ հայտնվելուց հետո կրկին կախվածությունների մեջ կընկնեն ու դժբախտությունների կհանդիպեն: Նրանք վախենում են երիտասարդ տարիների կենսակերպին վերադառնալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել