Armdaily.am-ը գրում է․
Մյունխենյան հանդիպումից առանձնապես խորը տպավորություն չունեմ, եթե բաց բանավեճ պետք է լիներ, ապա սպասելի էր, որ այդ բանավեճը կարող էր ընթանալ նման շեշտադրումներով և յուրաքանչյուրը պետք է իր տեսակետն արտահայտի։ Այդուհանդերձ, այս հանդիպումից հետո երկու երկրների ժողովուրդների համար պարզ դարձավ, որ կարգավորումը շատ հեռու է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
Անդրադառնալով հնչեցված հարցերից մեկին, որը վերաբերում էր միջազգային դատարանում հարցի հանգուցալուծմանը, նա նշեց, որ հայկական կողմը այդ հարցով չպետք է մտահոգություն ունենա։
«Արցախի հարցը մենք մեզ համար արդեն լուծել ենք, իսկ Ադրբեջանը ցանկանում է, ապա կարող է միջազգային այլ ատյաններում հարցի լուծում գտնել։ Իրականում նման նախադեպ կա, խոսքս Կոսովոյի ակտի միջազգային դատարանի եզրակացության մասին է, ըստ որի ՝ Կոսովոյի անկախությունը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին։ Եթե Ադրբեջանը գտնի, որ դատական ատյանում կարող է հարցի լուծման հասնել, ապա կարող էր դիմել, սակայն նախադեպն այնպիսին է, որ ինքնորոշումը և անկախության հռչակումը միջազգային իրավունքի ոչ մի նորմ չի խախտում»։
Անդրադառնալով պատմական էքսկուրս կատարելուն և Փաշինյանի վատ անգլերենին՝ նա նշեց, որ դրանց լուրջ ուշադրության պետք չէր արժանացնել։
«Հայկական կողմի մեսիջն այն էր, որ ադրբեջանական կողմին անվտանգության երաշխիք հանդիսացող տարածքներ հանձնելու մտադրություն չկա, սա էր հրապարակային հայտարարության իմաստը։ Ինչ վերաբերում է պատմական էքսկուրսին, ապա երբ Ալիևը Իբրահիմ խանին է վկայակոչում՝ վարչապետ Փաշինյանն այդ դարաշրջանում ո՞ւմ պետք է վկայակոչեր։ Իբրահիմ խանի դարաշրջանում ոչ հայկական պետություն ենք ունեցել, ոչ էլ պետական գործիչ։ Ես առհասարակ պատմական բանավեճի մեջ մեջ մտնելուն վատ եմ վերաբերվում, սակայն չէ որ նախաձեռնությունը Ալիևինն էր։ Նա անդրադառնավ Ղարաբաղի խանությանը և ստացավ այն պատասխանը, ինչ ստացավ։ Որ ասում են Փաշինյանը չպետք է հասներ Տիգրան Մեծի ժամանակներ, իսկ ո՞ր ժամանակների հասներ։ Հատկապես, որ վարչապետը հիշեց նաև Արշակունյաց, Բագրատունյաց Հայաստանը, դրանից հետո մենք պետություն չենք ունեցել, ո՞ւմ վկայակոչեր»,-ասաց նա։