■ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Բովանդակության երկուստեք պատմական հատվածն, անշուշտ, անպիտան նյութ էր։ Բայց քանի որ ի սկզբանե ադրբեջանական կողմն սկսեց խոսել դրանից, պետք էր ոչ թե հասնել Տիգրան Բ Մեծ, այլ պարզապես ասել, որ «այո՛, եկե՛ք դիմենք պատմության օգնությանը, իսկ ի՞նչպես ենք սահմանում «պատմություն»-ը, արդյո՞ք նախընթաց 26 տարիները պատմությո՞ւն են, այո՛, պատմություն են, այդ դեպքում մենք պատմությունից գիտենք, որ Արցախում որևէ ադրբեջանցի չի ապրում և այն բնակեցված է բացառապես հայերով»։ Ադրբեջանցիների կեղծ փաստարկումների դեմ պետք է խոսել միմիայն որակյալ ու հղկված «թրոլինգով»։ Մի՛միայն։ Թող մեծամիտ չհնչի, բայց սա ասում եմ իմ փորձից ու հավատացնում եմ՝ ոչ բնավ հեշտ փորձից, քանզի ես Մյունխենում չէի նրանց հետ վիճում, այլ իրենց իսկ տարածքում։
• ԽՈՋԱԼՈՒ։ Վարչապետին համապատասխան անձինք ու հիմնարկ(ներ)ը պետք է տեղյակ պահած լինեին, որ Ա․ Մութալիբովը վաղուց հրաժարվել է իր խոսքերից, հատկապես Բաքվում պատվավոր կալանքում հայտնվելուց հետո։ Ու առհասարակ՝ Խոջալուի թեման նույնպես պետք է «թրոլինգի» տանել, որի տեխնոլոգիաները կան, նոր հեծանիվ պետք չէ հայտնագործել։ Այն պետք է տեղավորվի «համատեղ ցավի», «խնդիրը պատմաբաններին թողնելու» ծիրում՝ համեմելով «համատեղ ցավի» այլ դրվագների հետ՝ Ստեփանակերտի բլոկադա, Մարաղայի ջարդ և այլն։
• Ադրբեջանական «ոչ մեկը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»՝ արդեն ձանձրացնող թեզին նույնպես պետք է թրոլինգով պատասխանել․ Շվեյցարիան այսօրվա միջազգային իրավական պարադիգմով 527 տարի եղել է չճանաչված, «ո՞ւ»։
• ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ։ Արժե՞ր ներքաղաքական կյանքում Շահումյանի հարցը միջազգային բանակցություններում «առաջին անգամ» բարձրացնելու գործոնը կապիտալիզացնելու և թմբկահարելու համար, ինչին առավոտյան լծված են «կուսակցական ադրբեջանագետները», նման խարխուլ թեզ կառուցել։ Ավելի ապահո՞վ չէր լինի հիշել սոսկ ԱՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածները։ Սա հռետորական հարց է։
• «ՄԻՆԻ-ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»։ Ես հասկանում եմ, որ սեփական ընտրությունն արդարացնելու մղումը ցանկացած մարդու ուղեղի սիրած «զվարճություններից» է, բայց վարչապետին պետք է հուշել, որ լիբերալ դիսկուրսի կապիտալիզացիան («այնպիսի լուծում, որ ընդունելի լինի 3 կողմերի համար») այսօրվա աշխարհակարգում հեռանկար չունի։ Դրսում 1990-ականները չեն, Արևելյան Եվրոպայում ու նախկին ԽՍՀՄ տարածքում էլ անկախությունների շքերթը չէ։
• ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ։ Լավ էր, որ ի վերջո հիշատակվեց, որ հրադադարի մասին համաձայնագիրը եռակողմ է։
• ՄԱԿ ԱԽ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ։ Լավ էր, որ ասվեց, այն, ինչ պիտի ասվեր, և այն, ինչ ես կանխատեսել էի։ Իսկ գիտե՞ք, ինչու էր լավ։ Որովհետև ժառանգած էր անցյալի փորձից։ Այդ տեքստը մեկին մեկ կրկնում էր 2014 թ․ օգոստոսյան միկրոպատերազմից հետո տեղի ունեցած բանակցություններում Սերժ Սարգսյանի տեքստը և դրանից էլ առաջ Ռ․ Քոչարյանի համապատասխան արձագանքները։
• ՏԱՐԱԾՔՆԵՐԸ։ Լավ էր, որ ազատագրված տարածքների հարցը ևս մեկ անգամ անվտանգայնացման ծիր բերվեց, բայց նարատիվը շարունակման կարիք ունի։ Սա էլ առանձին՝ ծավալուն զրույցի ու խորհրդատվության թեմա է…
• ԵԱՀԿ ՄԱՐՏՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ։ 1992 թ․ մարտյան հայտնի փաստաթուղթը վերջինիս համաճարտարապետ Ր․ Հովհաննիսյանի կողմից արդեն նույն տարում ճանաչվել է որպես «մարտավարական նահանջ»։ Իմաստը ո՞րն է անընդմեջ հղում կատարելու դրան, որտեղ սևով սպիտակի վրա խոսք կա նաև «ադրբեջանական համայնքի» մասին։ Սա էլ է հռետորական հարց։
■ ՁԵՎԸ։ Խիստ վիճելի է, թե որքանով էր նման ձևաչափը նպատակահարմար և մեր ազգային զգացմանց տեսանկյունից արդար։ Մեր հարցերի հարցը նման «բեթլային» հարթակի բերելն արդյոք արդեն իսկ վիրավորական չէ՞ մեզ համար՝ անկախ արդյունքից։
• EMOTIONAL INTELLIGENCE։ Եթե, իհարկե, կան համապատասխան մասնագետներ, ապա վերջիններս պիտի զբաղվեն վարչապետի էմոցիոնալ ինտելեկտի զարգացմամբ։ Իմ փորձից գիտեմ, թե ինչ բարդ են այսօրինակ բանակցությունները։ Բայց «սահել սիրողը պետք է սահնակը քարշ տալ էլ սիրի»։
• ԼԵԶՈՒՆ։ Վարչապետը ճիշտ կանի՝ խոսի հայերեն։ Ու խնդիրը բնավ «ակցենտը» չէ, խնդիրն այն է, որ երբեմն նրան հասկանում ենք միայն մենք՝ խնդրին խորագիտակ հայերս, քանզի բառերը թարս ու շիտակ է ընտրում կամ անհասկանալի արտաբերում։ Թող խոսի հայերեն։
■ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
• Վարչապետը կարիք ունի գիտակցելու, որ պետությունը օրգանիզմ է՝ բարդ սոցիալական օրգանիզմ, սա փակ բաժնետիրական ընկերություն չէ, որ ստանձնես գործադիր իշխանությունը և մերժես նախորդ ամեն ինչը։ Խնդիրն ունի մանրուքներ և շատ նո՜ւրբ մանրուքներ։ Դրանց չտիրապետելը բաց (և տրամաբանորեն՝ նաև փակ) դռների հետևում հանգեցնում է նման հակասական արդյունքների։ Սա վերքաղաքական հարց է, և սրա շուրջ կարիքը կա վերքաղաքական-ազգային մոբիլիզացիայի։ Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք «պրակտիկորեն» և գիտականորեն տիրապետում են թեմային։ Հարկավոր է վերջիններիս շուրջ լայն հասարակական խորհրդատվական ցանց կառուցել։ Անձամբ ես, մի կողմ դնելով իմ ներքաղաքական հայացքները, պատրաստ եմ անքուն գիշերներ անցկացնել՝ իմ մասով ներդրում ունենալու այս հարցում։ Առայժմ սարսափելի ոչինչ չի եղել, բայց կարող է լինել, եթե համապատասխան հետևություններ չարվեն։
Հ․Գ․ Իսկ Ի․ Ալիևին, որ մեզ խորհուրդ է տալիս «այլ տեղ որոնել» ինքնորոշվելու համար, կասեի, թե իր ո՛ր ազգականի ո՛ր վայրում եմ «որոնելու այդ տեղը», եթե կանայք և աղջիկներ չկարդային այս գրառումս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/2839640839415716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել