Բաքվի հայկական թաղամասը կոչվում է Արմենիքենդ։ Այն, սակայն, միակ հայկական թաղամասը չէ մայրաքաղաքում. 300 հազար (1985 թ. տվյալներով) հայազգի բնակիչ ունեցող քաղաքում ևս ութ հայկական թաղամաս կա, բայց գլխավորն ու ամենամարդաշատը հենց Արմենիքենդն է։

Արմենիքենդն իր պատմությունը սկսել է 1923 թվականից, երբ Բաքվի հյուսիսային շրջանում իշխանությունները հիմնեցին Ստեփան Շահումյանի անունով աշխատանքային բնակավայր։ Այստեղ քաղաքում աշխատանքներ իրականացնելու համար վերաբնակեցրին Արցախից շուրջ 100 հազար հայի։

Քանի որ Շահումյան բնակավայրի բնակիչները մեծ մասամբ հայեր էին, վայրը սկսեցին կոչել Արմենիքենդ՝ հայկական քաղաք։ Արմենիքենդի բնակիչները հիմնականում նավթային արդյունաբերության ոլորտում աշխատող հայեր էին։ Ցավոք, Բաքվում շատ հայեր ժամանակի ընթացքում մոռացան հայերենն ու ռուսաֆիկացվեցին։ Ոմանք անգամ փոխեցին ազգանունները. Գաբրիելյանը դարձավ Գաբրիելով, Հարությունյանը՝ Հարությունով։

1987-88 թթ. Բաքուն լքեց 120 հազար հայ։ 1989 թ. Ադրբեջանի մայրաքաղաքում ապրում էր 180 հազար հայ, իսկ 1990 թ. հունվարին թիվը հասավ 50 հազարի։ Մնացել էին հիմնականում կանայք, երեխաներն ու ծերերը։

1990 թ. հունվարի 21-22-ին Բաքվում մնացած վերջին հայերը նավերով Կասպից ծովով մեկնեցին Թուրքմենստան։

Այսպիսով էլ վերջ դրվեց Արմենիքենդի պատմությանը, միաժամանակ նաև բազմազգ Բաքվի գոյությանը։

Այսօր նախկին Արմենիքենդը քաղաքի կենտրոնի հին ու ժամանակակից կառույցներից զերծ մասն է։ Այնտեղ շատ են փոքրիկ կրպակները, արհեստանոցները։ Թաղամաս այցելում են միայն որոշ զբոսաշրջիկներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել