Երեկ, երբ ադրբեջանական սոցցանցային տիրույթից տարածվեց տեղեկատվությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի և այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպման մասին, չշտապեցի արձագանքել հետևյալ պատճառներով.
1. Լուրը կարող էր կեղծ լինել և ընդամենը մաս՝ ադրբեջանական ապատեղեկատվության,
2. Հանդիպման փաստը կարող էր կեղծ չլինել, սակայն բովանդակության վերաբերյալ գրառումը՝ լիներ ապատեղեկատվություն,
3. Անգամ եթե հանդիպումն իրականում եղել էր, և բովանդակության վերաբերյալ գրառումն իրական էր մասամբ կամ ամբողջապես՝ Հայաստանի համապատասխան, իրավասու մարմինները պետք է ժամանակ ունենային Կասպրշիկից ստանալու իր բացատրությունները և նրա միջոցով կամ նրա և համանախագահների հետ միասին ուղղելու կամ սրբագրելու «թյուրիմացությունը», եթե, իհարկե, դա թյուրիմացություն կամ թյուրըմբռնում էր կամ, առավել ևս, անակնկալ հարված հայկական կողմերին:
Երեկվանից այսօր՝ ունենք հետևյալ պատկերը.
1. Որոշակի ժամանակահատվածով նշված գրառումը հեռացվել էր սոցցանցային տիրույթից,
2. Այդ հեռացման ընթացքում եղավ հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անբովանդակ և խնդրի կշիռը չգիտակցող մեկնաբանությունը,
3. Գրառումը նորից հայտնվեց սոցցանցային տիրույթում (տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում) և գրեթե միաժամանակ լայն տարածում ստացավ ադրբեջանական մեդիա դաշտում,
4. Գրառումը ուղեկցող մեկնաբանությամբ տարածեց անձամբ նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը,
5. Մինչ այս պահը չկա որևէ հերքում կամ մեկնաբանություն Կասպրշիկի, ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահի կամ մեր արտգործնախարարության կողմից:
Ուստի փաստենք.
Եթե ՀՀ արտգործնախարարության հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում վերջին շրջանում համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը յուրովի լեգիտիմացրեց այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», Կասպրշիկը լեգիտիմացնում է արդեն պատգամավոր դարձած, այդ արհեստական համայնք կոչվածի ղեկավարին՝ որպես Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի:
Պա՞րզ է՝ ուր ենք հասել, թե՞ ավելին է պետք…
Պա՞րզ է, թե, օրինակ, նաև ինչու է պետք մի կողմից հանրության ուշադրությունը շեղել դեպի ՍԴ-ի հետ կապված կեղծ օրակարգով, մյուս կողմից՝ պարալիզացնել նույն ՍԴ-ն… Երրորդ կողմից էլ՝ այս ընթացքում, մասնավորապես, նշված հարցում անգործության մատնված ԱԳՆ ռեսուրսներն էլ դրվում են մեկ հարցի սպասարկման, այն է՝ անօրինական հանրաքվեն աշխարհին «մարսեցնելու»…
Անկախ այն փաստից, որ մինչ այժմ արտգործնախարարության կողմից վարվել և վարվում է «փակ աչքերի և փակ ականջների» քաղաքականություն, և անգամ անկախ այդ քաղաքականության միտումնավորության աստիճանից՝ հրավիրում եմ արտգործնախարարին ուղիղ եթերում բանավեճի:
Վստահ եմ, որ նշված բանավեճը հնարավորություն կտա մեր լայն հանրությանը հասկանալու գործընթացի լրջությունն ու կարևորությունը և վերջապես իրական և սեփական կարծիք կազմելու մեր ընթացքի և այդ ընթացքի ուղղության վերաբերյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: