Epress.am-ը գրում է.
Հայաստանից Ռուսաստան մեկնող գրեթե յուրաքանչյուր ավտոբուսում կան մարդիկ, որոնք հայրենիք վերադառնալու նպատակ չունեն:
Հայրենիքից հեռանալու տխուր զգացողությունն աստիճանաբար վերածվում է ուրախության՝ հեռանալը ամենամեծ փրկությունն է, որը հասանելի է ոչ բոլորին: Նման կարծիք են հայտնել Հայաստանն ընդմիշտ լքող մարդկանցից մի քանիսը, որոնց հետ Epress.am-ի թղթակիցը զրուցել է այսօր առավոտյան՝ մեկնելուց րոպեներ առաջ: Ավելի վաղ մենք զրուցել էինք դեպի Ռուսաստան ուղևորափոխադրող մի քանի ընկերությունների հետ, որոնք նշել էին, թե իրենց ուղևորներից շատերը Հայաստան վերադարձի տոմս չեն գնում: Epress.am-ի թղթակիցն այսօր այցելել է ավտոկայարան, որտեղից միկրոավտոբուսները մեկնում են Մինվոդի, և համոզվել է, որ ճանապարհ ընկնողցներից շատերը վերադառնալու մտադրություն չունեն:
Վաղ առավոտից միկրոավտոբուսների մոտ հավաքված մարդկանցից ոչ բոլորն էին պատրաստ զրույցի՝ նրանցից շատերը դժվարանում էին անգամ բառ արտաբերել, ոմանք արտասվում էին:
Արտագաղթողները խուսափում էին տեսախցիկի առջև խոսելուց՝ պատճառաբանելով, թե երկրի ղեկավարությանն ուղղված ասելիքները անչափ շատ են, պարզապես հոգնել են խոսելուց՝ «լսող չկա»:
«Մնացողը չի պատկերացնում գնացողի դարդը՝ մտածում են, թե հեշտա ուրիշի ձեռքի տակ ապրելը, բայց էլ ճար չունենք: Ամեն օր մի բան թանկացնում են՝ ինչով ապրենք, աշխատանք տվեցին, մենք էլ չաշխատեցի՞նք», – ասել է խմբված կանացից մեկը: Միևնույն ժամանակ նրանցից ոմանք նշում էին, թե ուրախ են, որ նոր կյանք սկսելու հնարավարություն են ստանալու:
Ավելի ուշ հավաքվածներին է միացել Նոր Գեղի համայնքից եկած Կրասնոդար մեկնող երիտասարդ ընտանիքը: Նրանց ճանապարհող պապը, ով չի ցանկացել նշել իր անունը, մեր թղթակցին պատմել է, թե անհնար է գոյատևելը, այդ իսկ պատճառով տղան՝ կնոջ ու 4-ամյա թոռան հետ որոշել են Ռուսաստան արտագաղթել:
«Մնացի կնոջս հետ, իրան չեմ բերել՝ ճանապարհ դնելու, տանն ա հրաժեշտ տվել, էստեղ շատ դժվար կլիներ, սիրտը չէր դիմանա: Էլ եսիմ կտեսնենք երեխեքին, թե չէ, էսօր կանք, վաղը չկանք», – արցունքները սրբելով ասել է մեր զրուցակիցը:
Epress.am-ի՝ ու՞ր եք մեկնում հարցին շատերը պատասխանել են՝ « հեռու Հայաստանից», իսկ 74-ամյա Ռաֆիկ Խուդոյանը պատասխանել է. «Ռուսաստանը մեծ ա, այնտեղ, որտեղ տեղ կտան, ինչքան էլ վատ ըլնի, ստեղից հազար անգամ լավ կլնի»:
Խուդոյանը, թեև ընտանիքի յոթ անդամներից դժվարությամբ է բաժանվել, սակայն խոստացել է, որ «կգնա, տեղ կանի» ու շատ շուտով նրանց էլ կտանի իր մոտ:
«Ութ շունչ ապրում ենք մորս 23 հազար թոշակով, ոչ մեկս աշխատանք չունի, ո՞նց ենք ապրելու: Սոված մարդը ամեն քայլի էլ կդիմի: Մեկնում ենք ապրելու, գոյատևելու, Հայաստանում մեզ տեղ չեն տալիս, մենակ ղեկավարության համար ա, իրանք էլ թող մնան, ապրեն: Խի իշխանությունները չգիտե՞ն, լավ չեն տենո՞ւմ, որ մարդիկ ստեղից փախնում են, ժողովուրդը ոտքով ա էթում, էդ ո՞ւմ են խաբում՝ խա՞մ են, չե՞ն ջոկում: Թող մեր երկրի ղեկավարը ոտքով ընգնի գյուղերը ման գա, տենա գյուղերում մարդ մնացե՞լա: Վարչապետին ասում են՝ «ժողովուրդը լքում, գնում ա», ասում ա՝ «ավելի լավ, ցույցերի դուրս չի գա»: Նախագահն էլ ասում ա՝ «ստեղ էլ 14 ժամ աշպատեն էդքան փող կառնեն», 14-ի փոխարեն 24 ժամ ես աշխատում, ի՞նչ են տալիս», – նշել է է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Հայաստանում միայն մի բան է մնում անփոփոխ՝ աշխատավարձերը, մնացած ամեն ինչի գները բարձրանում են ժամ առ ժամ: