Հայերի ներկայությունն անհերքելի փաստ է, անգամ՝ հեռավոր Եթովպիայում… Եթովպիան (հունարեն՝ «արևաթուխ») գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` սահմանակցելով Սուդանին, Քենիային ու Սոմալիին: Հնում Եթովպիան կոչվել է նաև Հաբեշստան, իսկ ժողովուրդը` հաբեշներ (նման ձևով են Եթովպիան անվանում հին հայկական հեքիաթներում), բացի այդ՝ մի շարք հայ մատենագիրներ եթովպացիներին հիշատակում են՝ որպես «խափշիկ»՝ սևամորթ: Եթովպացիների մասին առաջին վկայությունը հաղորդում է Պատմահայր Խորենացին. «Մի հնագույն ավանդություն պատմում է` ասորեստանցիների կողմից Պրիամոսին ուղարկված օգնական զորքի մեջ է եղել նաև հայազգի Զարմայր զորավարը` եթովպական զինվորներով»: Եթովպիայի հնագույն հայկական գաղթօջախը կազմավորվել է 7-րդ դարում (այն իր գոյությունը պահպանել է մինչև 15-րդ դարը), երբ արաբական խալիֆայությունը գրավում է Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը և բազմաթիվ քրիստոնյաներ` այդ թվում հայեր, գաղթում են Եթովպիա: Նրանք հաստատվում են Դեսսինե քաղաքի մոտ, որտեղ կառուցում են Ս. Ստեփանոս եկեղեցին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նշված բնակավայրը հաբեշական մատենագիրները հիշատակել են՝ որպես «Հայկական կղզի»: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո հայերի նոր հոսք է ծավալվում դեպի Եթովպիա: Տեղի մատենագիրները վկայում են, որ հաբեշական արքունիքը մեծ վստահություն էր ցուցաբերում իր մոտ ծառայող հայերի նկատմամբ՝ հաճախ բարձր պաշտոններ տալով նրանց: Այդպիսի հայերից մեկն էր Մատթևոս անունով հոգևորականը, որը 1513 թվականին եթովպական Հեղինե թագուհու կողմից բանակցությունների է ուղարկվում պորտուգալական թագավորի մոտ, ևս երկու հայ` Մուրադ անունով, 17-րդ դարում նշանակվում են Հաբեշստանի դեսպաններ Հնդկաստանում և Ֆրանսիայում: Այնուհանդերձ, հայերի հանդեպ արտոնյալ վերաբերմունքն առավել ակներև էր այն ժամանակ, երբ 17-րդ դարում պորտուգալացիների կողմից Եթովպիան գաղութացնելու անհաջող փորձից հետո եթովպացիները խստիվ արգելեցին սպիտակամորթների մուտքն իրենց երկիր՝ բացառությամբ հայերի: Ինչ վերաբերում է հայ-եթովպական դավանաբանական փոխառնչություններին,ապա դրանք սերտացել են 5-րդ դարից, երբ եթովպացիները, ասորիները, ղպտիներն ու հայերը դեմ են դուրս եկել Քաղկեդոնի ժողովի պահանջներին՝ պահպանելով իրենց կրոնական ինքնությունը: Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումը կապված է եթովպական ամենանշանավոր սրբերից մեկի` Մակաբա Էկզիեի (ս. Եվստաթեոս, 14-րդ դար) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական Ս. Ստեփանոս վանքում... Երկար կարելի է խոսել ու թվարկել այն բոլոր հայերին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել եթովպական պետության ու եկեղեցու կայացման գործում: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել կարևոր մի քանի անուն ևս. 1882 թվականին Եթովպիայում հաստատվեց հայազգի Սարգիս Թերզյանը, որը զբաղեցրել է զինվորական ու վարչական բարձր պաշտոններ, գլխավորել՝ Եվրոպա մեկնած մի շարք պատվիրակություններ, նրան Եթովպիայում ընկալում են՝ որպես ազգային հերոսի: Ազգությամբ հայ է նաև եթովպական հիմնի հեղինակը՝ Գևորգ Նալբանդյանը: Համաձայն մի շարք գիտնականների ուսումնասիրությունների՝ չի բացառվում, որ եթովպական այբուբենի հեղինակը եղել է հենց մեր Մեսրոպ Մաշտոցը:

Հեղինակ Անի Մարգարյան

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել