Pastinfo.am-ը գրում է․

Նախագահը ստորագրել է հրամանագիրը, նշանակել է հանրաքվեի օրը, դրանից ելնելով՝ համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմի ժամանակացույց և ըստ դրա պետք է ընթանան անհրաժեշտ գործընթացները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով անցկացնելուն։

«Պետք է ձևավորվեն Այո-ի և Ոչ-ի շտաբերը։ Պետք է համապատասխան ժամանակահատվածում սկսվի քարոզարշավը, որի շրջանակներում պետք է բաշխվեն տրամադրվող հեռուստաեթերի և այլ եթերների ժամանակները։ Պետք է հստակեցվեն այն բոլոր նյուանսները, որոնք կապված են հանձնաժողովների ձևավորման հետ և սովորական ընթացակարգ, որը սովորաբար կիրառվում է Սահմանադրական փոփոխությունների պարագայում»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Դիտարկմանը՝ եթե ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմի ՍԴ, հանձնաժողովի նախագահը նկատեց՝ եթե ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը դիմի ՍԴ՝ վիճարկելով որոշումը կամ նախագահի հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է՝ կասեցնել գործընթացը, թե ոչ. «Պետք է դիմի ոչ թե պարոն Մարուքյանը, այլ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝ նախագիծն ուղարկելու են Վենետիկի հանձնաժողով, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Այս հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի, բայց գիտեք մեր մոտեցումը։ Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ շատ ակտիվ շարունակում ենք աշխատել։ Ընդամենը օրեր առաջ նաև որոշվեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը պետք է ներկայացվի Վենետիկի հանձնաժողովի դատին։

Վենետիկի հանձնաժողովի ղեկավարության հետ հանդիպել եմ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, քննարկել ենք ձևավորված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը, մոտակա աշխատանքները և նաև ակնկալել ենք շարունակակն աշխատանք հանձնաժողովի հետ։ Բայց քանի որ այս նախագիծը վերաբերում է այնպիսի փոփոխության, որի պարագայում Վենետիկի հանձնաժողովի ասելիքը շատ քիչ է, ապա այս հարցի վերաբերյալ վերջնական պատասխան չասեմ։ Կան հարցեր, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխություններին, որոնք անպայման չէ ուղարկել միջազգային փորձաքննության։ Հիմա չեմ բացառում և չեմ էլ հաստատում»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել