Ատելության կուսակցության տղաներ ու աղջիկներ ջան,
Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշում եք, չէ՞, թե ինչ ֆանֆառներով այդ մարդուն բերեցիք Հայաստան ու պաշտոնի նշանակեցիք, իսկ հետո ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան այդ մարդուն տարավ նստեցնելու: Իսկ նկատեցի՞ք, որ ընդդիմությունը չխոսեց այդ թեմայից, անուշադրության մատնեց, և միայն ձեր կողմերից էին Վերմիշյանին պախարակում ու դատափետում: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև հեղափոխությունն իր զավակներին խժռելու օրենք ունի: Ձեզանից և ոչ մեկը չի խուսափելու խժռվելուց: Հեղափոխության օրենքները ֆիզիկայի օրենքների պես են՝ չեն փոփոխվում: Դուք հո լավ գիտեք, թե ձեզանից ով ինչով է զբաղված, դուք հո լավ գիտեք, որ ձեր ճնշող մեծամասնությունը Վերմիշյանից լավը չէ, ավելին՝ ձեր մի զգալի հատվածի համեմատ Վերմիշյանն իր արածով ուղղակի սուրբ է: Ի՞նչ եք կարծում՝ ժողվարչապետը չգիտի՞ ձեր արածների մասին:

Բարի խորհուրդ. հոգեբանորեն պատրաստվեք, բոլորիդ հետևից ժողվարչապետը գալու է: Սենսացիայի ու սկանդալի ամենակուլ մեքենան հենց հիմա ձեր դռանն է: «Երկիր-Հայկական ժամանակում» այլևս դուք եք ժողվարչապետի ինքնահաստատման օբյեկտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել