Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից։

Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոհերն են գրանցվել մեր բանակում․ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ։

Անկեղծ ասած՝ սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին, սակայն ապարդյուն։

Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն և «պողոսներին» ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում։

Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երևանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ։
Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար, իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, մոռացության է տալիս այսպիսի լուրերը և նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին։

Հ.Գ. Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետևելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել