Hraparak.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ «Իմ քայլը» խմբակցությունը վերջին նիստում քննարկել է ոչ միայն ԱԺ արտահերթ նիստի օրակարգը, այլ նաև վերջին շրջանում ոստիկանության աշխատանքը եւ հատկապես անդրադարձել է, որ «բռնոցի-թողոցի»-ները վարկաբեկում են ոստիկանությանը եւ հանգել են այն մտքին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին եւ ոստիկանությանը դրել է զավեշտալի վիճակում՝ նրա աշխատանքը համատարած որակվում է շոու։ Անգամ եզրակացրել են, որ ոստիկանապետի պաշտոնակատարը չպետք է նշանակվի։ 

Մեր տեղեկություններով, խոսակցությունն այսքանով չի ավարտվել, «Իմքայլականները» որոշել են, որ այնուամենայնիվ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնը քաղաքականացնելու ԼՀԿ առաջարկը ճիշտ էր եւ պետք է գնալ այդ ուղղությամբ՝ ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոններում նշանակելով յուրայինների։ Անգամ ոստիկանապետի պաշտոնի թեկնածուի անուն է հնչեցվել՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը։

Մեր տեղեկություններով, իշխանական որոշ շրջանակներում կարծում են, որ անգամ ոստիկանի փորձառություն չունեցող, առանց ուսադիրների անձը կարող է այս պաշտոնից գլուխ հանել, քանի որ օրենքով արդեն ոստիկանությանը տրված է գաղտնալսումների իրավունք։ Նրանց թվում է, թե գաղտնալսումները լրացուցիչ գործիք են, որը կհեշտացնի ոստիկանապետի աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել