
Ֆրունզիկ Մկրտչյան՝ լեգենդար «Միմինո ֆիլմից» Ռուբիկ Խաչիկյանի և տասնյակ այլ, ոչ պակաս վառ դերերի դերակատարը: Էկրաններին Ֆրունզիկ Մկրտչյանն անառարկելիորեն ստեղծել է կատակերգական շատ դերեր, սակայն նրա կյանքն ուրախ և զվարթ անվանել հնարավոր չէ:
Ֆրունզիկ Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին: Ֆրունզիկի ծնողները նրան Մհեր էին կոչում և արվեստի հետ ոչ մի կապ չունեին. մայրը սրճարանում էր աշխատում որպես աման լվացող, հայրը հաշվառու էր:
Հայ դերասանի ծնողները հեշտ կյանք չեն ունեցել. ցեղասպանության ժամանակ նրանց փողոցից են գտել, իսկ հետո մեծացել են մանկատանը: 5 մետր կտոր գողանալու համար հորը 10 տարով դատապարտել են, իսկ ընտանիքում 3 երեխա կար, որոնք մնացել էին մոր 30 ռուբլու հույսին: 51 տարեկանում Ֆրունզիկի հայրը մահացավ, իսկ մայրը ևս 10 տարի ապրեց:
Ֆրունզիկը Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ Հենց այդտեղ էլ սկսել է խաղալ, իսկ 17 տարեկանում ընդգրկվել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: 1956 թվականին Մկրտչյանն ընդունվեց Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Իր կյանքի 40 տարին նվիրել է այդ թատրոնին:
Առաջին լուրջ հաջողությունը գալիս է «01-99» կարճամետրաժ ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ Մհերը ստեղծեց «հյութեղ» մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
«Միմինո» ֆիլմում սկզբում Ռուբիկ Խաչիկյանի կերպարը չկար: Վարորդի կերպարը շատ հանկարծակի ստեղծվեց, և ավելի լավ դերասան չկար, քան Ֆրունզիկ Մկրտչյանը: Խոսքերի մեծ մասը հորինվել են հենց նկարահանման ժամանակ:
Անձնական կյանքում դերասանը հաջողակ չէր: Առաջին ամուսնությունն անհաջող էր, իսկ երկրորդը՝ գեղեցկուհի Դոնարա Փիլոսյանի հետ, պետք է դառնար տխուր վերջաբանով սիրո պատմություն: Ամուսնության ընթացքում երկու երեխա ունեցան, սակայն տարիների ընթացքում կնոջ մոտ տարօրինակություններ սկսվեցին: Չափազանց խանդոտ էր Դոնարան, ամուսնուն բացարձակ հանգիստ չէր տալիս: Բժիշկներն ասացին, որ կնոջ մոտ հոգեկան խանգարումներ են: 10 տարի անց այդ հիվանդությունը ի հայտ եկավ տղայի՝ Վազգենի մոտ:
Մկրտչյանը փորձում էր փրկել կնոջը՝ ընկնելով Ֆրանսիայի հիվանդանոցներով, սակայն փրկություն չկար: Կյանքի վերջին 25 տարին Դոնարան անցկացրեց հոգեբուժարանում, այնուհետև այդ նույն հիվանդանոց տեղափոխվեց նրա որդին:
Ճակատագրից հիասթափվելուց հետո Մկրտչյանն իրեն տվեց խմիչքին: Հարբեցողության պատճառով կարող էր աշխատանքը կորցնել, սակայն նա հաղթահարեց այդ փուլը:
Ֆրունզիկը երրորդ անգամ փորձեց անձնական կյանքը դասավորել, սակայն երրորդ ամուսնությունը 6 տարի անց ոչնչացավ: Պատճառը դերասանի հարբեցողությունն էր:
1993 թվականին Ֆրունզիկի մարմինը գտան իր սեփական բնակարանում: Մահվան պատճառն ինֆարկտն էր:
Դերասանի թաղմանը հազարավոր մարդիկ մասնակցեցին: Մարդկանց հուշերում նա միշտ մնում է որպես մեծ դերասան: