«Դավաճան լինելու գնահատականից թող վախենան նրանք, որոնք դավաճանել են հեղափոխության գաղափարները: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Դավաճան պիտակավորումից թող վախենան նրանք, որոնք շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են՝ ասելով՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում»,- տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:

Ի պատասխան հարցին, թե  ո՞վ էր տվել Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուի» և Քոչարյանին կալանավորելու հրամանները,  Արթուր Վանեցյանն ուղղեց լրագրողին՝ ասելով, որ չի կիսում տեսակետը, թե «տուշոնկա շոու» է եղել: «ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում, թե ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ դրանց պատասխանատուն: Այն, ինչ ներկայացվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տեսանյութի մեջ, ամբողջովին համապատասխանում է իրականությունը: Իսկ քննությունն իրականացրել է ՀՔԾ-ն, եթե կան հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմին: Բացի այդ՝ այսօր իրականացվում է դատաքննություն, բոլոր ապացույցները հասանելի կդառնան հանրությանը, և գնահատականը կտրվի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հարցին՝ Վանեցյանն ասաց. «Ես դա չէի կոչի Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը: Մարտի 1-ի գործ ասելիս ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր տասը մարդկանց սպանության հանգամանքների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են տասը զոհերի սպանությունների բացահայտմանը: Ես կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ, որ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ, նա իր որևէ քայլով երբևէ ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր: Դա կթուլացներ նաև լարվածությունը հասարակության որոշ շրջանակներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանն ու բացահայտմանը, իսկ մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտվի»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Մարտ 1-ի գործ ասվածը չի՞ ենթադրում, որ պետք է պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում Ձեր գնահատականը: Կարծում եմ՝ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ կողմի մոտ հարցեր չծագեն: Եթե քննության ընթացքում պարզվի՝ մեղավոր է այս կամ այն անձը, նրան պետք է կանչել պատասխանատվության: Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված մեղադրանք, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել