ԱՄՆ Սենատը քիչ առաջ արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:

Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:

Թրամփին իշխանության չարաշահման մասով մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 48 կոնգրեսական՝ 47 դեմոկրատ և 1 հանրապետական՝ Միթ Ռոմնի: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 67 ձայն:

Երկրորդ մեղադրանքի շուրջ քվեարկությունն ավարտվեց 53:47 հարաբերակցությամբ: Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին այս կետով քվեարկեց հօգուտ Թրամփի արդարացման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին Սենատում (մեր ժամանակով՝ փետրվարի 6-ին):

Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմփիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել