Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրությունում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման դրույթին:

Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետևյալը. մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է, այսինքն՝ պարոն Փաշինյանն այս օրենքով ուղղակի տապալում է սահմանադրական կարգը Հայաստանում, և երկրում հաստատվում է մենիշխանություն՝ ֆաշիզմ:

Եթե գործող իշխանություններին հաջողվի այս օրենքն ընդունել, ապա Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է:

Հայաստանի գործող իշխանությունները, ընդօրինակելով Իտալիայում և Գերմանիայում 20-րդ դարի 20-30-ական թվականներին իշխանության եկած ֆաշիստների և 1918 թ.-ին Ռուսաստանում իշխանության եկած բոլշևիկների գործելաոճը, որոշել են ոչնչով նրանցից հետ չմնալ՝ ցանկալի արդյունքին հասնելու գործում արհամարհելով և կոպիտ խախտելով Սահմանադրությունը:

Եթե եվրոպական կառույցներն այս ամենին չարձագանքեն, ապա խնդիրը Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ գաղտնի պահվող պայմանավորվածություններն են լինելու: Չի կարող «ժողովրդավար» Արևմուտքը, եթե չունի որևէ հարցում ավելի մեծ շահեր և հետաքրքրություններ, դիտորդի կարգավիճակում մնալ մի երկրի իշխանության նկատմամբ, որն ըստ նախասիրությունների է մոտենում Սահմանադրությանը և օրենքներին:

Պատահական չէ, որ Փաշինյանի թիմը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին առաջարկը արեց Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 1-ժամյա բանակցություններից օրեր անց:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման և միանձնյա իշխանության հաստատման համար Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաև ռադիկալ զիջումների Արցախյան հարցում:

Սպասենք եվրոպացիների արձագանքին Փաշինյանի թիմակիցների առաջարկի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել