Վաղուց էսքան ուժեղ տեքստ կարդացած չկայի: Մեջբերելու հատված էլ դժվար էր ընտրել: Բայց երևի թե էս մի կտորը՝
Ֆիզիկական արտագաղթը լուծելի խնդիր է: Դեռ կգան: Եթե ոչ բոլորը, ապա շատերը: Բայց Երկիրն իրավունք չունի արտագաղթել: Իրավունք չունի շարժվել Տեղից: Մի´ տվեք էդ անիծյալ հարցը` ու՞ր: Քաղաքական-ինտեգրացիոն արտագաղթը, որ ուղղությամբ էլ լինի, ինքնասպանության է հավասար: Դեր Զորը Մուսա լեռից նախընտրելուն է հավասար: Հայերին Ռուսաստանի անծայրածիր եզերքներում բնակեցնել-փոշիացնելու ու Երկիրն առանց հայերի տեսնելու կայսրուհու քաղաքականությունը չի՞ շարունակվում այսօր, հավատակից մեծ եղբայրդ թշնամուդ չի՞ զինում: Եվրոպա՞: Ի՞նչ Եվրոպա: Տանդ գոյասյուները կտրում ես եվրավերանորոգման մի քանի տարա ծեփամածուկի դիմա՞ց: Կեղծ արժեքների՞, որոնց շրջանակում ողջ ազգիդ ցեղասպանվելը քաղաքակիրթ ազգերին անտարբեր թողեց հարյուր տարի առաջ, այդպես լինելու է և հիմա, երբ Երկիրդ վտանգվի. քաղաքակիրթ ազգերն այլևս Երկիր չեն ճանաչում, վերազգայինն է նրանցը, նյութն ու նյութականը: Հարցնում ես` հիմա՞: Հա, հենց հիմա, որովհետև հեռու-մոտիկ հարևաններդ թակել են դուռդ, բան են հիշեցնում, զգուշացնում են արագացնել: Կողմնորոշվել ու այսպիսով ազատել քեզ քո տեսակից` ազատելով նաև բնօրրանդ: Երկիրդ պետք է նրանց առանց քեզ:
Բայց կարդացե՛ք ամբողջությամբ: Տեքստը երկար չի: Չեմ կարողանում շատ բառ ասել, ուղղակի՝ շնորհակալություն հեղինակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: