ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք ծառայության շահերին հակառակ, չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չարաշահելով պանշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռևս 2014 թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարների սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման և գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը: Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաև աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Արդյունքում 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։