Operativ.am-ը գրում է.
Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է միջուկային գործարքի ու Պարսից ծոցի շուրջ իրավիճակը, տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կողմերը քննարկել են տարբեր երկկողմ թեմաներ, համատեղ համընդգրկուն գործողությունների պլանը, տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակի զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բանակցությունների մեկ այլ թեմա է դարձել իրավիճակը Պարսից ծոցում եւ տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։
Դիվանագետները նաեւ շոշափել են պաղեստինա-իսրայելական կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած պլանը, որը հայտնի է «դարի գործարք» անունով, եւ դրա «վտանգավոր հետեւանքները» տարածաշրջանի համար, ինչպես նաեւ Սիրիային, Իրաքին եւ Եմենին վերաբերող հարցեր։
Բորելը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցով երկուշաբթի ժամանել է Թեհրան։ Նա ուղեւորության ընթացքում կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Նրա այցը Իրան համընկնում է երկրի կողմից միջուկայի պարտավորությունները կրճատելու հինգերորդ փուլի հետ։
2015թ․ «վեցնյակը» (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան) Իրանը մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ․ մայիսի 8-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը։