Armdaily.am-ը գրում է.
Ես շարունակում եմ պնդել, որ իմ պաշտպանյալի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումները շարունակվում են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Չնայած նրա նկատմամբ խափանման միջոց է փոխվել, սակայն նա մինչև հիմա էլ վերակենդանացման բաժանմունքում է։ Գրիգորյանի վիճակը էլի ծանր է, Ֆրանսիայի բժիշկը, որ զգուշացրել էր, որ սրտի բարդություններ են լինելու՝ այդ բարդություները տեղի ունեցան։ Սրտի առիթմիան էլ ավելի է խորացել։ Երկար ժամանակ չէր հաջողվում համակարգչային տոմոգրաֆիա անել՝ (KT) հիմա արվել է, դրա պատասխանների արդյունքում հաստատվել են այն մտահոգությունները, որոնք նախկինում հայտնել էին Ֆրանսիայի բժիշկները, այս պահի դրությամբ նրանք նորից պնդում են, որ անհրաժեշտություն կա նրան տանելու արտերկիր՝ բուժման»,-ասաց փաստաբանը։
Նա հիշեցրեց, որ Գրիգորյանին կալանքի վերցնելու պահին նա առողջ է եղել և ինսուլինային կախվածություն չի ունեցել. «Իր ոտքով և ձեռքով եկել է կալանքի՝ կալանքի արդյունքում և բացառապես կալանքի պատճառով՝ դարձել է ռեանիմացիայի հիվանդ, այսինքն, որևէ լավ բան պետությունը չի արել։ Կալանքի վերացումն էլ բացառապես, Եվրոպական դատարանի պարտադրանքի արդյունք է»,-ասաց Մկրտչյանը։
Փաստաբանը նշեց, որ վաղը կրկին Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստ է լինելու ու իրենք կրկին միջնորդելու են թույլատրել Գրիգորյանին տանել արտերկիր՝ բուժման։
«Մենք հորդորում ենք իշխանություններին, որպեսզի ազդեցություն չունենան դատարանի վրա և հնարավորություն տան դատարանին ընտրովի արդարադատություն չիրականացնի, որպեսզի կարողանանք մարդու կյանքը փրկել»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։