Պատգամավոր Արման Բաբաջանյանը հերթական անգամ աչքի է ընկել իր «մտքի փայլատակումներով», գրառում է կատարել բանակում տիրող մթնոլորտի մասին ու «լուծումներ առաջ քաշել»։ Բայց կարդում ես գրառումն ու սարսափում․ նա լուծումնե՞ր է առաջ քաշում, թե՞ ատելության մթնոլորտն էլ ավելի է թեժացնում։ Տեսեք, մեջբերում եմ նրա հոդվածից մի քանի հատվածներ․
- Հայկական բանակում բույն է դրել հանցավորությունը, և բարձրագույն զինվորականությունը պաշտպանում է քրեական ենթամշակույթը։
- Հայկական բանակում ներկայումս ուղղակիորեն պատերազմ է ընթանում զինծառայողների և առաջին հայացքից աներևույթ մի տականքի հետ:
- Գեներալիտետով «կոդ ընկած» բանակը շարունակելու է իրար հետևից գցել հայ երիտասարդներին, հայոց պետականությանը։
Ու այդպես շարունակ․․․
Գրառումը լավ տարածվում է հայկական սոցիալական տիրույթում, իսկ կայքերի մեկնաբանությունների բաժնում հիմնականում ֆեյքերով թիրախավորվում են բանակը, գեներալիտետը, սպայակազմը։ Կարծիքներ են գրված Արցախ զինվոր չուղարկելու և այլնի մասին։ Համոզված եմ, որ ֆեյքերի կեսը ադրբեջանական են, որոնք բավականին հաջող «մտել են» թեմայի մեջ ու թունոտ տրամադրություններ են բորբոքում։
Էն, որ բանակում քրեական բարքերի համար պետք է պայքարել, միանշանակ է, բայց նաև պարզ է, որ բոլոր դժբախտ դեպքերը կանխատեսել կամ հաշվարկելը բավականին դժվար գործ է։ Նման թեմաներով քննարկումները և բաց տեքստով հիմնականում սպայակազմին թիրախավորելը ուղղակի անպատասխանատու արարք են, ու դատապարտելի է, որ հատկապես զինված ուժերից գաղափար չունեցողն է քննադատում, թունավորում բանակը։