Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաաթիում քծնասելֆի էր լինում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ` Հայաստանի Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի (անկախ պետական մարմին է) նախագահ Տիգրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն... Պարոն Հակոբյանը, որը շատ է մտածում մեր դյուրահավատ հեռուստադիտողի մասին, շատ մտահոգված է այն հանգամանքով, որ այդ հեռուստաալիքները կարող են բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի, Վրաստանի կամ էլ Իրանի մասին հայ հեռուստադիտողի մոտ և սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը... Ըստ ԶԼՄ-ների` որպես "վտանգավոր" ալիքներ, մատնանշվել էին ռուսաստանյան "Առաջին", "Ռոսիյա" և ամերիկյան CNN հեռուստաալիքները...
Հայաստանում ՌԴ դեսպանատունը շատ արագ արձագանքեց պարոն Հակոբյանին...
Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունները պարոն Հակոբյանի կողմից առաջ քաշած թեզերի միջոցով փորձում են արգելել ռուսաստանյան հեռուսաալիքների հեռարձակումը Հայաստանում...
Հետաքրքիր է, մեր ազգային անվտանգության մասին մտածող պարոն Հակոբյանը տեղյա՞կ է, որ Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ մաս է կազմում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը պաշտոնական Երևանը իր վրա է վերցրել... Տեղյա՞կ է, որ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ անվտանգ են պահում ռուս սահմանապահները... Պարոն Հակոբյանին նաև հիշեցնեմ, որ տարեկան 200-250 հազար Հայաստանի քաղաքացիներ մեկնում են "Առաջին" և "Ռոսիյա" հեռուսաալիքների հայրենիք արտագնա աշխատանքի, իսկ Հայաստան ուղղվող տրանսֆերների 90 տոկոսը ևս այդ երկրից է... Ցավով պետք է արձանագրեմ նաև, որ 1991 թ-ից ի վեր մոտ 1 միլիոնից ավելի հայաստանցի հաստատվել է Ռուսաստանում (ՌԴ-ում բնակվում է 3 միլիոնից ավել հայ ), իսկ ռուսական քաղաքացիություն ստացող մեր հայրենակիցների թիվը, նույնիսկ, այսպես կոչված, "Թավշյա հեղափոխությունից" հետո, չի նվազում... Այսքանից հետո պարոն Հակոբյանը շարունակում է խոսել ռուսական ալիքներից Հայաստանին սպառնացող վտանգներից...
Ինչ վերաբերում է ամերիկյան CNN-ին, որքան հասկանում եմ, այն տրվել է "հավասարակշռությունը" պահպանելու համար, որ բացահայտ չզգացվի, թե պարոն Հակոբյանի դեմարշը ո´ր երկրի հեռուստաընկերությունների դեմ է ուղղված... Համ էլ կողքից Հայաստանի իշխանությունները Թրամփին կքծնեն...
Հ.Գ. Լավ կլիներ` պարոն Հակոբյանը, որն այդքան մտածում է մեր դյուրահավատ հեռուստադիտողների մասին, զբաղվեր Հ1-ով, որի աշխատաոճում ոչ թե որևէ բան չի փոխվել, այլ էլ ավելի է վատացել. այդ պահին գործող իշխանություններին քծնելը և սպասարկելն ավելի խայտառակ ծավալների է հասել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել