Hraparak.am-ը գրում է.

ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ հանդիպմանը քննարկվել են ոստիկանության վերաբերյալ բազմաթիվ հարցեր։

«Եղան հարցեր, խնդիրներ, եղան նաև շատ հետաքրքիր, սուր հարցեր։ Վստահաբար կարող եմ ասել, որ հանդիպումը ստացվեց։ Քանի որ առաջին նման հանդիպումն էր, ասեմ, որ մենք այս ձևաչափը պահպանելու ենք, որովհետև պարլամենտական երկրում սա հաշվետվության մի ձև է։ Թույլատրելիության սահմաններում եղել եմ թափանցիկ, ներկայացրել եմ թե՛ մեր խնդիրնեը, թե՛ մեր առաջակա անելիքները», -ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Նարեկ Մալյանին և մյուսներին բերման ենթարկելուն՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը պնդեց, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ են եղել։

«Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր գործառույթները և իրականացրել է օրենքի սահմաններում, այսինքն՝ ոստիկանությունը հանդիսանալով հետաքննության մարմին՝ իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձի և ստուգման արդյունքում ազատ արձակել նրան։ Հատուկ նշանակության աշխատակիցները բերման ենթարկեցին, քանի որ տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում, իսկ այդ հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանոթյան գլխավոր վարչության ծառայողներն են»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, թե ինչ սկզբունքով են որոշում՝ ում պառկեցնել ասֆալտին, ում ոչ, Սարգսյանը պատասխանեց, որ շտապում է և նշեց, որ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չկա։ Նա նշեց, որ առաջիկայում քննարկվելու է մամուլի հետ շփվելու, ասուլիս հրավիրելու հարցը։

Անդրադառնալով ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելուն՝ Սարգսյանը նշեց. «ՈւԽ նախագահը և  փաստաբանը դիմել են ՀՔԾ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հարցով, դեռ գործընթացը շարունակվում է, կարծում եմ՝ ՀՔԾ-ում մոտ ժամանակներս իրավական գնահատական կտան։ Եթե մեր ծառայողների գործողությունների մեջ խախտումներ լինեն, ես կարձագանքեմ և կարգապահական տույժի կենթարկեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել