«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»
Լեո

Վանի (կամ Արարատյան) հայոց թագավորության հզորության հիմնաքարը դրեց Մենուա արքան, որը փառավոր գործունեություն ծավալեց և՛ ռազմի դաշտում՝ իր սուրը պսակելով բազում հաղթանակներով, և՛ հատկապես ներպետական կյանքում՝ բարեկարգելով, շենացնելով երկիրը: Մենուան էր, որ հիմք դրեց Արարատյան թագավորների միավորիչ քաղաքականությունը: Նրա օրոք էր, որ Ասորեստանի հետ հակամարտության մեջ եղող Արարատյան երկիրը, եթե մինչև այդ վարում էր պաշտպանական պատերազմ՝ անցավ նախահարձակ գործողությունների: Վերջապես, Մենուան փառավոր անուն թողեց սերունդներին նաև իր մշակութային, շինարարական գործունեությամբ (առհասարակ, Վանի թագավորները տոգորված էին շինարարական ոգով, սակայն Մենուան իր մշակութային գործունեությամբ գերազանցեց բոլորին):
   Մենուան իր կառավարման գործում ներգրավվեց հոր՝ Իշպուինիի օրոք և վերջինիս գահակիցն էր: Սեպագիր արձանագրությունները վկայում են, որ դառնալով հոր գահակիցը՝ Մենուան մեծ ակտիվություն հաղորդեց երկրի քաղաքական կյանքին և հաճախ ինքն էր գլխավորում ռազմական ձեռնարկումները: Մ.թ.ա. 9-րդ դարում Առաջավոր Ասիայում զորեղացած դիրք էր գրավում Ասորեստանը: Միջագետքյան անապատների հյուսիսում բարձրացող Հայկական բարձրավանդակի նվաճումը ասորեստանյան արքաների համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ամեն վայրկյան արարատյան բանակները կարող էին իջնել անառիկ լեռներից և շեշտակի հարվածներով հոդս ցնդեցնել հակառակորդի նվաճումները: Այս նպատակով Ասորեստանը բազմաթիվ արշավանքներ ձեռնարկեց դեպի հայկական լեռնաշխարհ, սակայն ապարդյուն՝ հայրենի բարձրաբերձ լեռներին ապավինած նաիրյան ցեղերը շարունակում էին մնալ աննվաճ, ինքնիշխան: 

    Սակայն, հիրավի հետագա հարձակումները կանխելու համար հայերին անհրաժեշտ էր միավորված երկիր, տնտեսական հիմք և հստակ նպատակներ հետապնդող ռազմական ձեռնարկումներ: Մ.թ.ա. 810թ. հոր մահից հետո Մենուան երկիրը միայնակ սկսեց կառավարել  և պետության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց: Երկրի ամբողջությունն ապահովելու նպատակով Վանի թագավորությանը  կրկին միացվեցին Ծոփքը, Աղձնիքը, հյուսիս-արևմուտքում՝ Արածանիի վերին հոսանքի, Ճորոխի ավազանի շրջանները, Տայքը, հյուսիսում՝ Արարատյան դաշտի մի մասը: Միավորված շրջաններում կենտրոնական իշխանության համար հենարաններ ստեղծելու նպատակով կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, որոնցից առավել նշանավոր են Մասիսի ստորոտում Մենուաի անունը կրող Մենուախինիլին և Մանազկերդը՝ Վանա լճի հյուսիսում: Երկրում աշխուժացավ տնտեսական կյանքը: Ապահովելով որոշ միասնություն, ստեղծելով տնտեսական նախադրյալներ՝ Մենուան ձեռնամուխ եղավ արտաքին խնդիրների լուծմանը: Նրա առաջնորդությամբ արարատյան բանակները մտնում են Ասորեստանին սահմանակից երկրները: Այս ձեռնարկմամբ հայոց բանակները Արևելքում սպառնագին դիրքեր զբաղեցրեցին  Ասորեստանի նկատմամբ: Այնուհետև անցնելով Եփրատը՝ Մենուան վերացրեց Մելետինեի խեթական փոքր թագավորությունը:
   Սակայն, Մենուան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես օժտված զորապետ, այլև իբրև շինարար, ստեղծարար տիրակալ, որը նույնքան ջանադիր և եռանդուն եղավ նաև պետության ներքին կյանքում՝ ապահովելով երիրի ընդհանուր բարեկեցությունը: Կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, ջրանցքներ, սրբատեղիներ... Մենուաի նախաձեռնած կառույցներից է ցայսօր գործող և Վանին ջուր մատակարարող <<Շամիրամի ջրանցքը>>: Վերջինս մոտ 70 կմ է, անցնում է լեռների, ապառաժների միջով և ժամանակի բարդ կառույցներից է, եզակի ողջ Արևելքում: Այս ամենը վկայում է երկրում ծաղկող գիտության, արհեստների մասին:
    Մենուայի ստեղծած տնտեսական հիմքերը հնարավորություն տվեցին մոտ 70 տարի ապահովել երկրի հզորությունը: Մեծագործ արքան վախճանվեց մ.թ.ա. 786թ.: Նրան հաջորդեց որդին՝ Արգիշթին, որը եղավ հոր արժանավոր հետնորդը, շարունակեց վերջինիս քաղաքականությունը և Վանի թագավորությունը հասցրեց հզորության գագաթնակետին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել