Aysor.am-ը գրում է.

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 5974-ի, որոնցից 132-ը մահացել են: Սա Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի այսօրվա տարածած տվյալներն են: Շուրջ մեկ ամիս առաջ Չինաստանում սկսված կորոնավիրուսն արդեն աշխարհի տարբեր երկրներում է տարածվել: Նույնիսկ Հայաստանում վերջին օրերին որոշակի տագնապ է նկատվում:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է 3 տարի առաջ պայմանագրային աշխատանքով Չինաստան տեղափոխված Ալլա Գևորգյանի հետ, ով, ի դեպ, մոտ օրերս պատրաստվում է 1 ամսով Հայաստան վերադառնալ:

- Երեկ Չինաստանից տեսանյութ էր տարածվել, որ օրերով տանից դուրս չեն գալիս, դուրս գալուց էլ անպայման դիմակներով: Խանութները փակ էին ու դատարկ: Կարելի՞ է ասել, որ տագնապ կա:

- Տագնապ, որպես այդպիսին, չկա, այդ տագնապն ավելի շատ արհեստածին են ստեղծում: Մարդիկ շատ հանգիստ են, ուշադիր են, առանց դիմակ դուրս չեն գալիս: Կոնկրետ իմ քաղաքում (Շանհայում-հեղ.), անվտանգությունից ելնելով, փակ են բոլոր մարդաշատ վայրերը՝ կինոթատրոններ, թանգարաններ: Նաև ուսումնական հաստատություններն են մինչև մարտի 1-ը փակ: Բայց խանութները հատուկ այս պատճառով չեն փակ ու դատարկ. նախ, ոչ բոլորն են փակ (լուսանկարն այսօր է արված), և հետո՝ այս երկրում Նոր տարի է, մարդիկ հանգստի են մեկնել ու չեն աշխատում, բոլորը նախապես գնումներ են կատարել: Երևանում այդպես չէ՞ Ամանորից հետո: Բայց ամենաահավորը մարդկանց մեկնաբանությունները, քոմենթներն են. քրիստոնյա ազգ ենք, ինչպե՞ս կարելի է դիմացինին մահ ցանկանալ, հիվանդ մարդուն անեծքներ գրել: Այդքան թույն ու չարություն որտեղի՞ց: Սոցցանցերով ինչ ասես՝ առաջարկեցին է՛լ վերացնել, է՛լ վառել: Ախր այս երկրում ձեր հազարավոր հայրենակիցներ աշխատում ընտանիք են պահում, մի քիչ շնորհակալ եղեք: Նայում ես՝ մեկնաբանություն գրողը բժշկականն է ավարտել, ու նա՞ է մեր բժիշկը: Վախենալու է…

- Չինաստանում հայերը միմյանց հետ կապը պահպանո՞ւմ են, տեղյակ ե՞ք՝ կա՞ն հայեր, ովքեր կրում են այդ վիրուսը:

- Այստեղ բավականին մեծ քանակությամբ հայեր են աշխատում ու ապրում, գրեթե բոլորը կապի մեջ են միմյանց հետ: Ընդհանուր «չաթ» ունենք, շփվում ենք, ու որքանով ես եմ տեղյակ՝ հայերի մեջ վարակվածներ չկան: Ընդհանրապես, ամեն ինչ այնքան վախենալու չի, որքան նկարագրում են: Չեք պատկերացնի, ծնողներն այդտեղից «լեղաճաք» եղած զանգում են այստեղ բնակվող իրենց զավակներին՝ մտածելով, թե բոլորս այստեղ կիսամեռ պառկած ենք: Հանգիստ եղեք, չկա նման բան: Այստեղի կառավարությունը շատ կազմակերպված է, ամեն ինչ անում է, որ այդ հարցը շուտ լուծվի:

- Չինաստանում Հայաստանի դեսպանատունն այս ընթացքում կապ հաստատե՞լ է տեղի հայերի հետ:

- Այո՛, դեսպանատունը մայրաքաղաքում է, շատ ուշադիր են ու հետևողական: Բոլորիցս մեր տվյալներն են ուզել՝ քաղաք, անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, որպեսզի, եթե հանկարծ իրավիճակը բարդանա, կարողանան մեզ աջակցել, կապի մեջ լինենք:

- Ըստ ներսի խոսակցությունների՝ հիվանդությունն առավել ո՞ր քաղաքներում է տարածված: Հայտարարվում ու խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ վիրուսը տարածվել է կենդանիներից, օձերից, չինական կեղտոտ շուկայից… Ձեզ մոտ ի՞նչ վարկածներ են տարածված, ի՞նչն է եղել առաջացման հիմնական պատճառը, սկզբնաղբյուրը:

- Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ էպիկենտրոնը Հուբեյ նահանգի Ուհան քաղաքն է, որպես հիվանդության աղբյուր նշվում է տեղի ծովամթերքի շուկան, որտեղ վաճառվում են նաև տարբեր էկզոտիկ կենդանիներ: Շուկան կեղտոտ չէ, մսի, ծովամթերքի շուկա է եղել, քաղաքներն էլ այստեղ շատ մաքուր են, միշտ մաքրում են: Օձեր ու կարիճներ շատ այլ տեղերում են ուտում ու ոչինչ չի լինում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել