Armdaily.am-ը գրում է.

«Իրավական ուղի» ՀԿ-ի՝ ոստիկանապետի հետ հանդիպման պահանջին դեռևս ոստիկանությունից չեն արձագանքել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա նաև նշեց, որ ինքը չէր էլ ակնկալում շատ արագ արձագանք։

«Իմ կոչն ուղղված էր նաև իմ նշած օրակարգը գեներացնելու իրավապաշտպան հանրության մոտ։ Կարծում եմ որոշ ժամանակ դեռ անհրաժեշտ է, որպեսզի այն դրույթները, որ ներկայացված են՝ ստանան հանրային պահանջի նշանակություն»։

Հիշեցնենք, որ ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելքոնյանն իր ֆեյսբության էջում, մասնավորապես, գրել էր, որ «Հունվարի 28-ի բուռն իրադարձությունների իրավաչափությունը քննարկելու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ»։ Մելիքյանը նման նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ դիմանակավորված անձիք բերման ենթարկեցին ՎԵՏՈ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանին, ապա նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն, ով նույնպես միացել էր նախաձեռնությանը, մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանապետի հետ հանդիպելու նախաձեռնությունը վերաբերում է իրավապահպան բլոկին և իրենք որպես իրավապաշտպաններ են պահանջել այդ հանդիպում։

«Նպատակն է քննարկելու պրակտիկայում առկա որոշակի հարցեր, խնդիրներ, որոնք պետք է կանոնակարգվեն կամ օրենսդրական դաշտում, պրակտիկ դաշտում։ Սա ամենևին կապ չունի քաղաքականության հետ, ընդդիմադիր կամ քաղաքական որևէ ուժի հետ։ Պետք չէ այս նախաձեռնությունը կապել ընդդիմադիր կամ դիմադիր անձանց հետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ արդեն հրապարակային արված առաջարկությունը միանալու պատրաստակամություն հայտնած անձիք կան։

«Ակնկալում ենք, որ Հայաստանում չլինի մի իրավիճակ, որ ոստիկանությունը իրավասու լինի ցանկացած անձի՝ առանց պատրվակի բերման ենթարկել ոստիկանություն՝ վախեցնելու, ստորացնելու, կամ ինչպես երեկ եղավ՝ ասֆալտին պառկեցնելու համար, որպեսզի չլինի նման գործողության հնարավորություն։ Այս ամենում բավական մեծ ազդեցություն ունեն օրենքներն ու օրենսդրությունը, բայց ցանկացած օրենք, եթե գրված է դրանք առոչնիչ են, եթե չեն պահպանվում»,-ասաց նա։

Բաբայանն ընդգծեց, որ եթե ուղղակի հեռակա բանավեճ անեն նույն ոստիկանության հետ, ապա ոստիկանությունից կարող են ասել, թե բերման ենթարկելու իրավունք ունենք, որովհետև օպերատիվ տեղեկություն ունեն։

«Բայց այդ ընթացքում տեղի են ունեցել գործողություններ, որոնց հետ կապված կարող են օրենքը մեկնաբանել իրենց ցանկալի ձևով։ Մեր խնդիրն է, որ օրենքները չմեկնաբանվեն այնպես, ինչպես իրենք են ուզում, մեր խնդիրն է, որ օրենքները մեկնաբանվեն մարդու իրավունքների խստագույնս պահպանմամբ, որ մարդը լինի արժեք, ունենա արժանապատվություն և որևէ կերպ անձի արժանապատվությունը չնսեմացվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել